Վարչապետը դեռ չի որոշել` քարոզարշավին արձակուրդ կգնա, թե ոչ

Your browser doesn’t support HTML5

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին` կապված մեծամասնական ընտրակարգով գործարար պատգամավորների առաջադրման հետ:

«Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց գործարարության եւ քաղաքականության տարանջատման մասին, բայց նաեւ գիտենք, որ մեծամասնական ընտրակարգով մի շարք գործարար հանրապետականներ արդեն առաջադրվել են: Ո՞րն է այդ հայտարարության եւ փաստացի այդ առաջադրումների հակասության պատճառը»` հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Մենք հավատարիմ ենք մնալու մեր հայտարարությանը: Հանրապետական կուսակցության ցուցակով պառլամենտ մուտք չեն գործելու ձեռներեցներ: Այդ սկզբունքը պահպանվում է մեր ընդունած որոշումներով»:

Մեծամասնական ընտրակարգով գործարար հանրապետականների թեկնածությունների առաջադրման խնդրի կապակցությամբ վարչապետը վկայակոչեց օրենսդրական հնարավորությունները` էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին. - «Նախարարները, պատգամավորները ներկայացնելու են էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր իրենց ունեցվածքի վերաբերյալ, մինչեւ այս կամ այն պաշտոնը ստանձնելը: Երբ որ մարդիկ տեսնեն, որ բիզնեսով զբաղվելը ավելի հարմարավետ է, եթե որ ինքը նախարար չէ, կամ պատգամավոր չէ, ապա նաեւ այդ գայթակղությունից զերծ կմնա»:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առնչությամբ վարչապետն ասաց, թե բավականին երկար են քննարկվել ցուցակ կազմելու սկզբունքները. - «Որովհետեւ հասկանալի է, որ եթե մենք ղեկավարվենք ազգանուններով, անհատներով, միշտ պրոբլեմներ են լինելու»:

Հարցին` «մասնավորապես, ի՞նչ խնդիր է լուծելու Հանրապետականը` օրինակ Մանվել Գրիգորյանին ցուցակում ներառելով», Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Մանվել Գրիգորյանը մի մարդ է, որը իր կենսագրությամբ ապացուցել է, որ ինքը այս պետության եւ ժողովրդի նվիրյալ զավակն է: Կարծում եմ, որ մեր ընտրողները շատ հարգալից են վերաբերվում մեր հերոսներին եւ հենց դրանով էլ պայմանավորված է, որ նման մարդիկ էլ մեր ցուցակում կան: Եվ դուք ընդհանրապես կարող եք տեսնել, որ մենք նաեւ ապահովել ենք բազմազանությունը մեր ցուցակում` մտավորականներ, մշակույթի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Հանրապետական կուսակցությունը մի ուժ է, որը պետք է համախմբի բոլոր կարող ուժերին»:

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե` «մեր տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունը դարձել է ազգային անվտանգության խնդիր»: Ծառուկյանը վկայակոչել էր արտագաղթը, մանր ու միջին գործարարության համար ոչ բարենպաստ միջավայրը: «Փաստն այն է, որ մեզանում փոքր եւ միջին բիզնեսը մնաց բառիս բուն իմաստով անտեր», - հայտարարել էր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը: Վարչապետն այս կապակցությամբ ներկայացրեց իր վերաբերմունքը. - «Այն խնդիրները, որոնք բարձրացնում են մեր կոալիցիոն գործընկերները, մշտապես գտնվում է կոալիցիոն բոլոր կուսակցությունների ուշադրության կենտրոնում, եւ, բնականաբար, մեր նախարարները զբաղված են հենց այդ հարցերի լուծմամբ: Մենք նույնպես բազմաթիվ պրոբլեմներ ենք մատնանշում, բացահայտում ենք մեր բացթողումները եւ թերությունները»:

Վերջում Տիգրան Սարգսյանը նաեւ պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին` «քարոզարշավի ժամանակ արձակուրդ գնալո՞ւ եք»: - «Դեռ չեմ որոշել», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Your browser doesn’t support HTML5

Վարչապետը դեռ չի որոշել` քարոզարշավին արձակուրդ կգնա, թե ոչ