Թուրքիան շնորհակալ է Սահմանադրական խորհրդին

Թուրքերը բողոքի ակցիա են անցկացնում Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց, 22 դեկտեմբեր, 2011

Թուրքիան պաշտոնապես շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին եւ բոլոր այն օրենսդիրներին, ովքեր որոշեցին վիճարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

«Հույս ունենք, որ այս որոշումը դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ` պատմությունը շահարկելու հաշվին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանի որոշումը համապատասխանում է հենց Ֆրանսիայի մայր օրենքում ամրագրված համամարդկային իրավունքներին ու եվրոպական արժեքներին։

«Ուրախ ենք նշել, որ այս հսկայական սխալը ուղղվեց Ֆրանսիայի դատական գերագույն ատյանի կողմից»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը եւ հույս հայտնել, որ այսուհետ Ֆրանսիան առավել կառուցողական դիրքորոշում կորդեգրի այս հարցում։ «Վիճահարույց պատմական հարցերում առավել նախընտրելի է, որ երրորդ երկրները անպատասխանատու եւ վնասարար միջամտությունների փոխարեն անկողմնակալ դիրք գրավեն` քաջալերելով կողմերի միջեւ երկխոսությունը եւ տարաձայնությունների կարգավորումը», - ըստ պաշտոնական կայքէջի հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Թեմային անդրադարձել են նաեւ թուրքական կառավարության մյուս անդամները: «Ի տարբերություն մի խումբ աղաղակող ֆրանսիացի քաղաքական գործիչների` մենք սառնասիրտ եւ վճռական պայքար մղեցինք», - հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Առինչը: «Բանականությունը հաղթեց», - իր հերթին պնդել է Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը՝ հավելելով. - «Չնայած նախընտրական ճնշումներին, Ֆրանսիայում գերակայեց իրավունքն ու տրամաբանությունը»։

Պաշտոնական Անկարան, սակայն, չի շտապում չեղյալ հայտարարել Ֆրանսիայի դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները` ակնարկելով, որ որոշակի քայլեր է ակնկալում պաշտոնական Փարիզից։

«Վճիռը նոր է կայացվել, եւ մենք դեռեւս պետք է քննարկենք պատժամիջոցների հարցը վարչապետի, նախագահի եւ կառավարության հետ։ Սակայն այս պահին արդեն կարող եմ ասել, որ այս որոշումը կասեցրեց այն ճգնաժամը, որ կարող էր ի հայտ գալ թուրքերի եւ ֆրանսիացիների միջեւ։ Ես դիտավորյալ եմ նշում ժողովուրդներին, քանի որ մենք դեռեւս որեւէ քայլ չենք տեսնում, որը կհուշի, որ Ֆրանսիայի կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը», - ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի վճռից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, թե հանձնարարել է կառավարությանը համանման նոր նախագիծ մշակել։ «Դա լուրջ սխալ է Սարկոզիի կողմից», - ասել է Դավութօղլուն ու պնդել. - «Սկզբում նա պատերազմեց պատմության դեմ, հիմա պատերազմում է սեփական երկրի մշակույթի ու օրենքների դեմ»։