Թորոսյանը դժգոհ է ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցով քննարկումից

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ խորհրդակցության ժամանակ անդրադարձել է փետրվարի 9-ին խորհրդարանում արձանագրված` ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների հարցին:

Հիշեցնենք` Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանը քվեարկության կարգը խախտած պատգամավորներին պատժելու պահանջով հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը, սակայն օրերս ՀՔԾ-ն որոշեց, որ արարքներում հանցակազմ չկա, եւ բողոքը վերահասցեագրեց ԱԺ-ի ղեկավարությանը:

ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՔՀԾ-ի կողմից Սամվել Նիկոյանին ուղարկված գրության քննարկման ժամանակ արձանագրվել է, որ դրանում հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով, որով սահմանված է, որ պատգամավորը կարող է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին: Հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն, ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, եւ այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել:

«Այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինի է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհում է Թորոսյանը: - «Ամեն դեպքում Նիկոյանը փորձել է իրեն արդարացնել: Ինչո՞ւ` ինքը միջոց չի ձեռնարկել կամ ընդհանրապես դա չի էլ քննարկել: Նա ուղղակի ասում է` ինձ ասել են մի պատգամավորի մասին, իբր մնացածների մասին չգիտի: Անդրադառնանք այդ պատգամավորին` պատգամավոր Ղուկասյանն է: Եթե գիտեք այդ մասին, բա ինչո՞ւ հենց նույն կանոնակարգի պահանջով միջոց չեք ձեռնարկել կարգազանց պատգամավոր Ղուկասյանի հանդեպ»:

Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահը հավելեց, որ ՀՔԾ-ից ստացած պատասխանը` դիմումը ԱԺ նախագահին ուղարկելու մասին, վերադարձրել է` ասելով, որ դա պատշաճ պատասխան չէ. - «Ես պետք է ստանայի որոշում, եւ այդ որոշումը եթե լիներ, Նիկոյանն էլ արդեն օրենքի սահմաններում կքննարկեր»:

Ռուբեն Թորոսյանը այլ քայլեր եւս ձեռնարկել է. - «Ես ուղարկել եմ դա Հանրապետության նախագահին: Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, նա պետք է միջոցներ ձեռք առնի: Հանրապետությունում շրջում են օրինագծեր, որոնք իրավական ուժ չունեն: Նա պետք է Սահմանադրական կարգը պահպանի: Եվ երկրորդը` դիմել ենք, որ ՀՔԾ-ն իր լիազորությունները չի կատարում, չի քննում հաղորդումը»: