Բնապահպան ակտիվիստները կասեցրեցին շինարարությունը

Your browser doesn’t support HTML5

Երեւանի Մաշտոցի այգում կրպակների կառուցումը արգելելու պահանջով քաղաքապետարանի առջեւ այսօր բողոքի ցույց անցկացրած բնապահպան ակտիվիստները, վերադառնալով այգի, որոշեցին սեփական ուժերով կասեցնել շինարարությունը:

Նրանց հաջողվեց ճեղքել կառուցվող կրպակների շուրջ պատ կազմած ոստիկանների դիմադրությունը, հաղթահարել մետաղական արգելափակոցները եւ մուտք գործել շինհրապարակ:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ մի քանի ժամ շարունակ` մինչեւ ուշ երեկո, ձեռք ձեռքի տված կանգնել էին կառուցվող կրպակի ողջ մակերեսով: Նրանց հետ բանակցում էր Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով ակտիվիստների գործողությունները որակեց «անօրինական են եւ ինքնիրավչություն»` պահանջելով ազատել տարածքը` հայտարարելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կդիմի օրենքով սահմանված միջոցների օգնությանը:

Ակտիվիստները, սակայն, պնդում էին, որ կազատեն տարածքը միայն եթե ոստիկանությունը ցուցում տա կասեցնել շինարարությունը:

Այգու տարածք մտավ ոստիկանական մեքենա, որից բարձրախոսով պարբերաբար հաղորդում էին, որ ակտիվիստների գործողությունները անօրինական են, քանի որ «թույլատրված շինարարությանը խոչընդոտելը պաշտպանված չէ հավաքների ազատությամբ»: Ոստիկանությունը ակտիվիստներին 20 րոպե ժամանակ տվեց` հակառակ դեպքում սպառնալով «անօրինական միջոցառման» ակտիվիստներին եւ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, իսկ տարածքը ազատել: Թեեւ ոստիկանությունը տասնյակ ուժեր էր կուտակել այգու սկզբնամասում, սակայն, 20 րոպե անց ուժային գործողություն չիրականացրեց` շարունակելով բանակցությունների միջոցով համոզել ակտիվիստներին ազատել տարածքը:

Բնապահպան ակտիվիստները Երեւանի կենտրոնական Մաշտոցի պողոտային հարող այգում ժամանակավոր կրպակներ տեղադրելու` քաղաքապետարանի որոշման դեմ բողոքում են արդեն մոտ 10 օր: Անցած շաբաթ, չնայած բնապահպանների դիմադրությանը, ոստիկանները մետաղական արգելափակոցներ էին տեղադրել շինտարածքի ողջ երկայնքով եւ ներսում ոստիկաններից կենդանի պատ կազմել` կառուցապատողի համար հնարավորություն ստեղծելով շարունակել շինարարությունը:

Այսօր ավելի վաղ քաղաքապետարանի առջեւ կազմակերպված ցույցի ընթացքում ակտիվիստները կանչում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խնդրում իջնել, սակայն նրանց մոտեցավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ասաց, թե քաղաքապետը զբաղված է եւ չի կարող հանդիպել բնապահպանների հետ:

Սերգեյ Մակարյանը քաղաքապետարան վերադարձավ սուլոցների եւ վանկարկումների ներքո: Այսօր քաղաքապետի հետ հանդիպելուց հետո այգի եկավ երգիչ Արամոն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ներկայացրեց Տարոն Մարգարյանի մոտեցումը, այն է` կրպակները ժամանակավոր են տեղադրվում, սակայն ակտիվիստների հետ Արամոն չբանակցեց:

«Ես վստահում եմ մեր քաղաքապետին: Ակնառու փաստը այն է, որ Աբովյան փողոցից մաքրվեցին կրպակները: Ես երկու ժամ խոսելուց հետո հասկացա, որ հավատում եմ նրա խոսքին, սա ժամանակավոր բնույթ է կրելու», - ասաց երգիչը:

Ցուցարարներին քաղաքապետարանի մոտ աջակցելու էր եկել երգիչ Ռուբեն Հախվերդյանը:

«Էս քսան տարի է պայքարում են, մի կարգին բան չեն կարողացել անել, ի՞նչ պիտի անեն` ամեն ինչ նույնը կմնա», - ասաց նա:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Մաշտոցի այգում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Բնությունը նույնպես հայրենիքի արժեք է, որը պետք է պաշտպանել եւ փայփայել օրենքի ուժով»:

Ակտիվիստները, ովքեր մինչեւ ժամը 21-ը մնացել էին այգում, փոխանցեցին, որ վաղ առավոտյան կրկին գալու են այգի: