Բնապահպանները կանխեցին շինարարության վերսկսումը

Բնապահպանները արգելում են բեռնատարի մուտքը Մաշտոցի այգի, 16 փետրվար, 2012

Մաշտոցի այգում արդեն վեցերորդ օրը նստացույց անող բնապահպաններին այսօր հաջողվեց այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա կրպակի տարածքի համար բետոն էր բերել:

Բնապահպաններն արգելեցին «Սահակյանշին» ընկերությանը պատկանող բեռնատարին մոտենալ կիսակառույցին: Նրանք կանգնել էին ավտոմեքենայի առջեւ ու թույլ չէին տալիս, որ այն առաջ շարժվի: Բեռնատարի վարորդը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, թե այգուց չի հեռանա, մինչեւ բետոնը ավտոմեքենայից չտեղափոխի ապագա կրպակի տարածք: Սակայն մի քանի ժամ մնալով այգում` բեռնատարն այդպես էլ չկարողացավ մոտենալ կառուցվելիք կրպակին: Մեքենան հեռացավ այն ժամանակ, երբ տարածք եկան Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: Նրանք բնապահպաններին հավաստիացրեցին, թե ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:

Ակտիվիստներից Արմո Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք կշարունակեն պայքարել Մաշտոցի այգին բետոնապատումից փրկելու համար, թեեւ քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ այգում կրպակները անկախ ամեն ինչից տեղադրվելու են:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս մասնակցում էր քաղաքապետարանի աշխատակիցների հետ հանդիպմանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ վերջիններս թեեւ ցույց տվեցին այգու կառուցապատման վերաբերյալ փաստաթղթեր, բայց, միեւնույն է, դրանք համոզիչ չէին: «Այդտեղ կային հակասություններ», - ասաց Փոստանջյանը, ով քաղաքապետարանից պահանջելու է ողջ տարածքի կառուցապատման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

«Դրանք տրվել են դեռեւս 2003 թվականին, բայց 2003 թվականի եւ 2011-ի հատակագծերը իրարից տարբերվում են», - ասաց Փոստանջյանը:

Մաշտոցի այգին հսկող բնապահպաններն այսօր ավելի վաղ խնդիրներ էին ունեցել նաեւ ոստիկանների հետ, ովքեր արգելել էին նստացույցի մասնակիցներին տեղացող ձնից պաշտպանվելու համար ծածկել կիսակառույց շինությունը: Խնդիրը լուծվել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի միջամտությունից հետո:

Your browser doesn’t support HTML5

Բնապահպանները կանխեցին շինարարության վերսկսումը