Բուզանդի նախկին բնակիչները արդարություն են պահանջում

Your browser doesn’t support HTML5

Հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիներ դժգոհում էին ոչ միայն «պետության կարիքներ» արտահայտությունը շահարկելով 2004 թվականին կառավարության որոշման վկայակոչմամբ իրենց մինչ օրս անտուն թողնելու փաստից, այլեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի երեկվա որոշումից:

Դատավոր Մխիթար Պապոյանը երեկ մերժել է կառուցապատող «Նարեկշելթեր» ընկերության հիմնադիր Սիմոն Աղազարյանին կալանավորելու վերաբերյալ փաստաբան Սեդա Սաֆարյանի միջնորդությունը: Փաստաբանը իր միջնորդությունը հիմնավորում էր այն պնդմամբ, որ եթե Աղազարյանը փախուստի դիմի, ապա ավելի քան 60 տուժած քաղաքացիների բողոքը դատարանում անհետեւանք կլինի, քանի որ նա, ըստ փաստաբանի, պատասխանատվություն է կրում կառավարության 2004 թվականի որոշման հիմքով քաղաքացիներին իրենց բնակարաններից զրկելու եւ մինչ օրս խոստացած բնակարանները նրանց չհանձնելու հարցում: Սիմոն Աղազարյանը դատարանում շարունակվող գործով միակ ամբաստանյալն է:

«Սիմոն Աղազարյանը առայսօր ազատության մեջ է եւ շարունակում է կատարել իր խարդախությունները` բազմապատկելով զոհերի քանակը», - այսօր պնդում էր Բուզանդի նախկին բնակիչներից մեկը:

Սիմոն Աղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի վատնում, յուրացում եւ հարկեր թաքցնելու հոդվածներով: Ավելի քան 60 քաղաքացիներին խոստացած եւ մինչ այժմ չհանձնած տների արժեքը, Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ, 3 միլիարդ 109 միլիոն դրամ է: Աղազարյանը կառավարության, Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած գործարքի ընթացքում, ըստ փաստաբանի, կատարել է ընդամենը 419 միլիոն դրամի ծախս: Ընկերությունը դեռ 2004 թվականին կնքված պայմանագրով պարտավորվել է Երեւանի Բուզանդ փողոցի բնակիչների սեփականությունը հանդիսացած տարածքում կառուցվող էլիտար շենքերում նրանց բնակարաններ հատկացնել:

Այսօր քաղաքացիները կառավարության շենքի մոտ էին եկել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորած` կառուցապատողի հետ կնքված պայմանագրերով, նոտարի վավերացրած մի շարք փաստաթղթերով եւ այս ամբողջ պատմության հիմքը հանդիսացող կառավարության որոշումը ձեռքներին: Նրանք ասում էին` բավարար չէ, որ կառավարական մակարդակով նախատեսված կառուցապատման միջոցով խարդախություններ են տեղի ունեցել (ի դեպ, այդ գնահատականը տվել է նաեւ նախաքննական մարմինը), այդքանից հետո էլ խարդախության մեջ մեղադրվողը, նախկինում ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Սիմոն Աղազարյանը չի կալանավորվում:

Քաղաքացիները փաստում են, որ ժամանակին իրենց սեփականությունը հանձնելով կառավարությանը, տարիներ շարունակ արժանանում են կառավարության անտարբերությանը:

«Հինգ տարի է բնակվարձ չեն տալիս, ոչ էլ տուգանքները ուշացած օրերի համար: Դատարաններն էլ հօգուտ կառուցապատողների են վճիռները կայացնում», - բողոքեց մեկ այլ բնակիչ:

Կենտրոնի նախկին բնակիչները հիշեցնում են, որ այս պատմության հետ առնչություն ունեցած եւս երկու գործարար` Գագիկ Պապոյանը եւ Պավել Անդերսոն ավելի վաղ իրավապահների գիտությամբ փախել են Հայաստանից:

«Տեղեկացնում ենք ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայության պետին, հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, որ Սիմոն Աղազարյանը` խարդախության այդ ռեկորդակիրը, պատրաստվում է Հայաստանից փախչել: Եթե նրանք թույլ տվեցին Սիմոնին եւս փախչել, կնշանակի` ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իրավական համակարգի վրա», - ասում էր բնակիչներից մեկը:

Մինչդեռ Սիմոն Աղազարյանի փաստաբան Հովիկ Արսենյանն ասում է. - «Դժբախտաբար, զարմանալիորեն եթե Սիմոն Աղազարյանը պատասխանատվության է ենթարկվում, այն էլ քրեական, ապա Պավել Անդերսոնը ինչո՞ւ չի ենթարկվում քրեական պատասխանատվության, եւ այն դեպքում, երբ ուղղակիորեն քամել է Սիմոն Աղազարյանին»:

Փաստաբանը չհերքեց, որ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել: «Չի կատարվել, բարի եղիր, դիմիր դատարան` քաղաքացիական հայցով», - ասաց Արսենյանը:

Թեեւ տուժած քաղաքացիների փաստաբան Սեդա Սաֆարյանը նշում է, որ Սիմոն Աղազարյանն ու Գագիկ Պապոյանը համագործակցել են, Աղազարյանի փաստաբանն ասաց, թե նրանք իրար հետ կապ չունեն: Փաստաբան Արսենյանը նաեւ անընդունելի համարեց Աղազարյանի մասով քրեական գործ հարուցելը:

Քաղաքացիները, որ 2004 թվականից ի վեր բազմաթիվ առիթներ են ունեցել գործ ունենալ թե Աղազարյանի, թե Պապոյանի, եւ թե Անդերսոնի հետ, պնդում են, պարտավորությունները չկատարելու փաստերը փոխկապակցված են: Փաստաբան Սաֆարյանի խոսքով` նշված երեք գործարարները քաղաքացիներին խաբել են համակարգված:

«Պետական բարձիթողի վիճակի պայմաններում, քաղաքի կենտրոնում որոշակի անձիք, հսկողությունից դուրս մնալով, կարողացել են հազարավոր մարդկանց խաբել: Ի սկզբանե երբ այդ մարդիկ գործունեություն են սկսել, շատ լավ հասկացել են իրենց հաշվարկները, եւ նպատակը հենց թալան կատարելն է եղել, եւ իրենց հաջողվել է: Մեր պետության` որպես երաշխավորի, մեղքը առկա է, եւ համարում եմ, որ այս անձինք այդքան էլ անպաշտպան չեն», - ասաց Սաֆարյանը:

Հատուկ քննչական ծառայությունում դեռ շարունակվում է խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործը. դրա պատճառը եւս քաղաքացիների բողոքներն են: Փետրվարի 6-ին Գագիկ Պապոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացրել քննիչ Վաղինակ Ջանազյանը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, հայտարարվել է հետախուզում: Պավել Անդերսոնի մասով նախաքննական մարմինը ձեռնպահ է տեղեկատվությունից: