ՀՀԿ-ն անդրդվելի է համամասնական ընտրակարգի հարցում

Դաշնակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանական լսումների ժամանակ, 15 փետրվար, 2012

Երեքշաբթի Ազգային ժողովում տեղի ունեցան 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցով լսումները:

Լսումների ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը մանրամասն ներկայացրեց բոլոր այն բացասական երեւույթները, որոնց պատճառը, նրանց կարծիքով, մեծամասնական ընտրակարգն է. այն ծառայում է իշխանությունների վերարտադրությանը, ընտրական կոռուպցիայի հիմք է, տեղերում առաջադրված թեկնածուներին միմյանց դեմ է հանում, թշնամացնում իրար հետ, ուստի հայաստանի ընտրական համակարգը, ըստ ընդդիմադիրների, պետք է փոխել: «Այս հարցում ունենք քաղաքական դաշտի «լիակատար կոնսենսուս` մինուս մեկ» իրավիճակ, որը իշխող Հանրապետականն է ստեղծում», - խորհրդարանական ամբիոնից հայտարարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից Դաշնակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Իրենց ելույթներում ընդդիմադիրները նաեւ պատասխանում էին այս օրերին իշխանության ներկայացուցիչների այն գնահատականներին, թե ինչու են նրանք անհրաժեշտ համարում պահպանել մեծամասնական համակարգը: Իբրեւ փաստարկ իշխանության թեւի ներկայացուցիչները պնդում են, որ նախ եւ առաջ այն մարզերից ընտրված պատգամավորներին օգնում է իրենց ընտրողների խնդիրներին լավատեղյակ լինել, եւ որ կապը ընտրողի հետ չի կարելի կտրել:

«Այս կապը Հայաստանում սկսվում եւ ավարտվում է ընտրակաշառք տալու եւ ստանալու պահին», - հակադարձեց Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լսումներին ցուցակով զինված էր եկել` ապացուցելով, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հիմնական մասը այդ ընտրատարածքներում չեն ապրում, նրանք վաղուց Երեւանի բնակիչներ են:

«Ոչ միայն ինքը տեղի բնակիչ չէ, ինքը այդտեղ գոնե մի անգամ չի էլ երեւացել», - հայտարարեց նա:

Խորհրդարանական այսօրվա լսումներին հրավիրված էին նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ «Ազատ դեմոկրատների» անդամներին «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացուցիչները շատ ջերմ ընդունեցին: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց` մի տարեք երկիրը առճակատման:

«Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունը ունեք», - իշխանություններին կոչ արեց Զուրաբյանը:

Հանրապետականներն ասում էին` եւ մեծամասնականը, եւ համամասնականը թերություններ ունեն, բայց, ինչպես հայտարարեց լսումները նախաձեռնած ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ընտրություններից մի քանի օր առաջ չեն պատասխանում ընտրակարգ փոխել:

Լսումներին այսօր մասնակցում էր նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա եւս այս պահին ընտրակարգը փոխելը ժամանակավրեպ է համարում: Թովմասյանը չհերքեց ընդդիմադիրների այն պնդումները, թե մեծամասնական համակարգի շնորհիվ է, որ ընդդիմությանը ընտրությունների միջոցով երբեք չի հաջողվել իշխանության գալ:

«Կառավարությունը այս առումով չի թաքցնում, որ մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է պառլամենտական մեծամասնության ձեւավորմանը, այն ձեռնտու է ուժեղ կուսակցություններին», - ասաց նախարարը:

Այսօրվա լսումները հրավիրվել էին ընդդիմադիր Դաշնակցության եւ «Ժառանգության» առաջարկով, նրանց նախաձեռնությանը միացել էր նաեւ «Բարգավաճ Հայաստանը»: ԲՀԿ-ի փոխնախագահ Սամվել Բալասանյանը ասաց` ԲՀԿ-ում դեռեւս չի քննարկվել հարցը, թե իրենք ինչպես կքվեարկեն, եթե 100 հարյուր տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու ընդդիմադիր «Ժառանգության» եւ Դաշնակցության առաջարկած օրինագիծը քննարկվի ԱԺ-ում: Բայց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը կրկնեց որոշ կուսակիցների տեսակետը, թե մեծամասնական ընտրակարգը ընտրակեղծարարության համար մեծ հնարավորություններ է ստեղծում եւ նաեւ առաջարկեց հանրության կարծիքը հարցնել խնդրի մասին: («Հանրաքվեի մասին» օրենքով թույլատրվում է հանրաքվեի միջոցով բացահայտել պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը):

Չնայած այսօր հնչած գնահատականներին, նաեւ կառավարության ավելի վաղ տված բացասական եզրակացությանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, այնուամենայնիվ, քննարկվելու է ԱԺ-ում: ԱԺ-ի կանոնակարգ- օրենքի համաձայն, ընդդիմադիր խմբակցություններից մեկը իրավունք ունի տվյալ նստաշրջանի ժամանակ քննարկման ներկայացնել հարց, որին դեմ է մեծամասնությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, իրենք հարցը կներկայացնեն փետրվարի 28-ին:

Your browser doesn’t support HTML5

ՀՀԿ-ն անդրդվելի է համամասնական ընտրակարգի հարցում