Սահակյան. Կառավարությունը կփոխվի ընտրություններից հետո

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ներկայիս կառավարությունը փոխվելու է:

«Բնականաբար, ինչ-որ փոփոխություններ կլինեն, բայց դեռ պատկերացումներ չկան: Խորհրդարանին մեծ դերակատարում է տրված կառավարություն կազմավորելու գործում, բայց խորհրդարանը քաղաքական բանակցությունների ճամբար է: Այսինքն այնպես չէ, որ մի քաղաքական ուժ լրիվ իր ձայները բավարարի, համենայնդեպս մենք այդ տեսակի է, եւ ասենք, մեր ձայները բավարարում է եւ քվեարկենք, որ կառավարությունը մեր ուզած ձեւով լինի կամ մեր ուզած մարդիկ: Այնտեղ փոխհամաձայնությունների մեխանիզմ է: Այնպես չէ, որ այսօր մի անձի պատկերացնես, եւ գնաս փոխհամաձայնությունների: Առավել եւս կարող է որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չունենալ, դրա համար այսօրվանից մտածել, թե ով վարչապետ կլինի, ով նախարար, ժամանակավրեպ է», - ասաց Գալուստ Սահակյանը Հայաստանի քաղաքագետների միությունում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կոալիցիայի ներկայիս կազմն էլ փոխվի կառավարությունում, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Դա էլ է հնարավոր, նույնիսկ եթե կոալիցիա լինի, քվոտաների հարց լինի, կարող է լրիվ շրջվել [կառուցվածքը]: Ենթադրենք այն նախարարությունը, որը քվոտայով տրվել է տվյալ կուսակցությանը, դա չվերցնի, մի ուրիշը վերցնի, դա քննարկելու հարց է»:

Անդրադառնալով կառավարության կազմում ընդդիմության ներկայությանը` Սահակյանը շեշտեց` նման փորձ եղել է. - «Մենք մի ժամանակ դա արեցինք Ազգային ժողովի ընտրություններին: Նույնիսկ ընդդիմությունից կառավարությունում նախարար ունեցանք, տեղակալներ ունեցանք, խորհրդարանում բավական հանձնաժողովներ ընդդիմությանը տրվեցին, բայց տեսանք, որ պատասխանատվությունը մնաց մեր վրա, որեւէ մեկը հետագայում իր վրա պատասխանատվություն չվերցրեց», - ասաց նա:

Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն իսկ կան այն սկզբունքները, որոնց հիման վրա ձեւավորվելու է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը:

«Սկզբունքներ կան. համամասնական ցուցակում կլինեն այն հանրապետականները, որոնք ամբողջովին կնվիրվեն խորհրդարանական աշխատանքին, այսինքն զերծ կմնան որեւէ ձեռնարկատիրական գործունեությունից: Սա սկզբունքն է, բայց դեռեւս անձնավորված չէ: Ես կարծում եմ, խմբակցությունը 20-25 տոկոսով կփոխվի: Մարտի 10-ին մեր համագումարն է, համագումարից հետո մինչեւ մարտի 20-ը արդեն որոշակիորեն ձեւավորված կլինի մեր համամասնական ցուցակը», - ասաց Սահակյանը:

Հիշեցնենք` սպասվում է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիս 6-ին:

Իր խոսքում Գալուստ Սահակյանը կրկնեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների վերջին շրջանի այն հայտարարությունը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց որակով դրականորեն տարբերվելու են:

Կիրակի Հրազդան քաղաքում տեղի ունեցած ընտրություններից հետո քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի կողմնակիցները հայտարարել են, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով, որոնք ազդել են արդյունքների վրա: «Այդ պարագայում ինչպե՞ս կգնահատեք Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները» հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Դա հայկական ցավի պես մի բան է. պարտվող կողմը ոչ թե մտածում է, որ պայքարը շարունակվում է, այլ շատ ցավոտ է տանում պարտությունը: Հազար ու մի բան կարող են ասել, բայց իրավական տեսակետից, ընդհանուր առմամբ, որեւէ խոսակցությունից ես գոնե տեղյակ չեմ: [Ընտրախախտումների մասին] տեսանյութեր կան, թող ցուցադրեն, թե ով է կաշառք տվել: Միգուցե ինչ-որ մի թիմ էլ կա, կաշառք է տվել, մեկը նկարվել է, որ ասի իրոք վատ ընտրություն է, բայց, ընդհանուր առմամբ, որակի տեսակետից, եթե դուրս ենք գալիս ասեկոսեների մակարդակից, բավական դրական ընտրություններ էին», - ասաց Սահակյանը:

Your browser doesn’t support HTML5

Սահակյան. Կառավարությունը կփոխվի ընտրություններից հետո