Հունաստանի կառավարությունը հաստատել է խնայողությունների ծրագիրը

Հունաստանի կառավարությունը ուրբաթ ուշ երեկոյան հաստատել է խնայողական տնտեսության ծրագիրը եւ ներկայացրել այն երկրի խորհրդարանին: Այս կրճատումների շնորհիվ Հունաստանը կկարողանա 130 միլիարդ եվրոյի չափով հերթական ֆինանսական օգնությունը ստանալ Եվրամիությունից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից:

Կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրել օրինագծի հաստատման համար, որպեսզի օգնի երկրի խորհրարանին չխախտել փետրվարի 12-ին եվրոպական վարկատուների կողմից նշանակված վերջնաժամկետը: Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսը հեռուստատեսային ելույթում հայտարարել է, որ Հունաստանը պետք է հնարավոր ամեն ինչ անի խնայողությունների ծրագիրը հաստատելու համար եւ խուսափի դեֆոլտից:

Սակայն հույները չեն հաշտվում սոցիալական լայնածավալ կրճատումների հետ եւ երկրում ուրբաթ օրվանից մեկնարկել է երկօրյա համընդհանուր գործադուլ եւ ցույցեր: Երեկ ցուցարարները Աթենքում բախվել են ոստիկանների հետ: