Օհանյան. ԶՈՒ մարտական կարողությունները բարձրացել են

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, 2011 թվականին Հայաստանի կողմից հեռահար ու ճշգրիտ սպառազինության ձեռք բերումը բարձրացրել է հայկական զինված ուժերի մարտական կարողությունները:

Նման հայտարարություն Օհանյանն արեց չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում` միեւնույն ժամանակ տեղեկացնելով, որ հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը շարունակվում է մինչեւ 2015 թվականը նախատեսված ծրագրի համաձայն:

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, ցուցադրվեցին ՆԱՏՕ-ական դասարկարգմամբ Scud տիպի ռուսական արտադրության հրթիռներ, որոնք կարող են մինչեւ 300 կմ հեռավորության վրա ոչնչացնել հակառակորդի շարժական ու անշարժ օբյեկտները, Точка У տեսակի հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է մինչեւ 120 կմ, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համալիրներ եւ այլ հեռահար զինատեսակներ:

«Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ դրա զարգացումը թեւակոխել է հերթական ռազմավարական, հեռանկարային փուլ: Վերլուծելով 2011 թվականին մեր կատարած աշխատանքներ` ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այսօր մարտունակ են, կայացած եւ պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրները կատարել», - հայտարարեց նախարարը:

Պաշտպանության նախարարի խոսքով, զինված ուժերի մարտական կարողությունների բարձրացմանն է նպաստում նաեւ այն, որ բանակն իր զորավարժություների մի մասը շարունակում է իրականացնել հակառակորդի հետ շփման գծի երկայքնով` մարտական իրավիճակներին հնարավորինս նման պայմաններում:

«Ասել է, թե պաշտպանության գոտիներում մենք խաղարկել ենք պաշտպանողական եւ հակահարձակողական օպերացիաների ամբողջ ընթացքը հենց այն վայրերում, որտեղ որ անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքի սահմանները», - ասաց Օհանյանը:

Այսօր պաշտպանության նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից, քանի որ հունական կողմը, որի հրամանատարության ներքո ծառայում էին հայերը, ֆինանսական պատճառներով դադարեցրել է իր մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:

Նախարարը նաեւ անդրադարձավ զինված ուժերում մահվան ելքերով միջադեպերին: Չնայած նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացնում են, որ միջոցներ են ձեռք առնվում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ, մահվան ելքերով միջադեպերը շարունակվում են: Օրինակ, վերջին տաս օրվա ընթացքում մահվան ելքով երեք դեպք է գրանցվել զինված ուժերում: Բացի այդ բանակում որդի կորցրած շատ քիչ ծնողներ կարելի է գտնել, ովքեր դժգոհ չեն իրենց որդիների մահվան առնչությամբ իրականացված քննությունից:

«Որքան էլ որ մեր իրավապահ մարմինները լավագույն կերպով աշխատեն, միշտ էլ ծնողները դժգոհ են, որովհետեւ նրանք կորցրել են իրենց երեխային: Նրանք մաքսիմալն են ուզում, որ ճիշտ բացահայտվի, ճիշտ բացահայտվելուց բացի, եթե նրանք տեսնում են, որ պատժվողների շրջանակը քիչ է, ուզում են ավելի շատ մարդիկ պատժվեն: Այս գործը մասնագիտական խնդիր է, եւ մեր իրավապահները վերջին ժամանակահատվածում բավականին լուրջ աշխատանք են այդ ուղղությամբ կատարում: Կարծում եմ, մաքսիմալը այսօր արվում է, որպեսզի մենք կարողանանք ծնողների առջեւ լինել արդար, ազնիվ», - ասաց Օհանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով պաշտպանության նախարարն անդրադարձավ բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնի վերջերս լույս տեսած հրապարակմանը: Այդ հրապարակման համաձայն` նախարար Սեյրան Օհանյանը պայքարում է բանակում առկա խնդիրների լուծման համար: Մինչդեռ, ըստ նույն զեկույցի, բանակում կա նաեւ, այսպես կոչված, պահպանողական թեւ, որում գերակշռում են հին սերնդի զինվորականները եւ որոնք դեմ են ցանկացած իրական բարեփոխման, քանի որ դա կարող է քայքայել կամ վտանգել Հայաստանի ռազմական կառույցում իրենց ազդեցությունն ու իշխանությունը: Զեկույցը հետեւություն է անում, որ այդ պատճառով զինված ուժերի երկու թեւերի միջեւ տարաձայնություններ կան:

«Արդեն երկար ժամանակ է, սկսած 2007 թվականից, պաշտպանության նախարարությունում մենք անցկացնում ենք պաշտպանական բարեփոխումներ: Այդ բարեփոխումները ուղղված են բոլոր ուղղություններին: Այսօր բանակում չկա որեւէ մի անձնավորություն, որը պաշտպանության նախարարի կողմից ներկայացված, գերագույն գլխավոր հրամանատարի կողմից հաստատված բարեփոխումների պլանը չկատարի: Այն, ինչ գրված է այդ վերլուծության մեջ, ընդհանրապես չի համապատասխանում իրողությանը», - ասաց նախարարը:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե լրատվամիջոցներում շատ է գրվում պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջեւ առկա հակասությունների մասին. - «Պաշտպանության նախարարի եւ նրա ենթակայության տակ գտնվող գլխավոր շտաբի պետի միջեւ որեւիցե մի հակասություն չի եղել եւ չի կարող լինել», - արձագանքեց նախարարը:

Your browser doesn’t support HTML5

Օհանյան. ԶՈՒ մարտական կարողությունները բարձրացել են