Օհանյանը եւ Լեֆորը կարեւորում են շփման գծում լարվածության նվազեցումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակության հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ժամանակ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այդպիսի արդյունավետ միջոցառում կարող է լինել առաջնագծում հրադադարի խախտման պատահարների անաչառ հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը:

Օհանյանը եւ Լեֆորը արձանագրել են Հայաստանի ռազմական գերատեսչության եւ Եվրամիության միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավոր հեռանկարները: