Բաքուն «շատ կտրուկ է արձագանքել» ցեղասպանության հարցին

«Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլի

Հայաստանյան հեռուստաընկերություններին օրերս տված հարցազրույցում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ եթե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է օգնել ղարաբաղյան կարգավորմանը, ապա պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու այս գործընթացից:

Թուրքերը, մինչդեռ, շարունակում են պնդել, որ կողմնակալ դիրքորոշում որդեգրած Ֆրանսիան պետք է հեռանա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբից։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը երկուշաբթի օրը Բաքվում հերթական անգամ այդպիսի հայտարարություն է արել։

«Պետք է սպասել Մինսկի խմբից Ֆրանսիայի հեռանալուն։ Ադրբեջանում, բնականաբար, արդեն այդպիսի պահանջ հնչեցրել են, ինչը վկայում է Ֆրանսիայի հանդեպ անվստահության մասին։ Մենք սպասում ենք, որ Ֆրանսիան այդ ամենից դասեր կքաղի», - ասել է Քըլըջը։

Ֆրանսիայի Սենատում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Բաքուն անմիջապես իր աջակցությունն է հայտնել Անկարային։

Թուրք պաշտոնյաները դրվատանքով են դա գնահատել։

Դավոսում գումարված համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակից, Թուրքիայի` Եվրամիության հետ կապերի գծով պետնախարար Էգեմեն Բաղըշը, ով նախօրեին Ցյուրիխում հանդես է եկել «ես ժխտում եմ ցեղասպանությունը, դե թող գան ինձ ձերբակալեն» հայտարարությամբ, ասել է, թե համաժողովը հիացած է Ադրբեջանի առաջընթացով։

«Թուրքիան որպես մտերիմ եւ եղբայրական պետություն նույնպես հպարտանում է Ադրեբեջանի հաջողություններով», - հայտարարել է Բաղըշը։

Սենատի ընդունած օրինագծի հարցում Թուրքիային սատարելու մասին է խոսել նաեւ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլին։

«Թե՛ Սենատի քննարկումներից առաջ եւ թե՛ քննարկումների ընթացքում Ադրբեջանը շատ կտրուկ է արձագանքել հայոց հորինված ցեղասպանության հարցին», - երկուշաբթի օրը ասել է Ղուրբանլին` հավելելով, որ ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ «շատ ակտիվ է աշխատել նաեւ համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի օրոք»։

Նրա խոսքերով, դեռ 2001 թվականին Ադրբեջանը բողոքի նամակ է ուղարկել Ֆրանսիայի խորհրդարան։

«Ադրբեջանը միշտ ընդգծել է, որ Հայաստանը եւ հայկական լոբբին վնաս են հասցնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը», - ասել է Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը։

Նրա խոսքերով, Ադրբեջանը եւ Թուրքիան մշտապես աջակցում են միմյանց։