Գուրգեն Արսենյանը չի բացառում ԲՀԿ-ի ցուցակում իր ընդգրկվելը

Գուրգեն Արսենյանը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց այն լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին հնարավոր է մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակով:

«Նման լուրեր պտտվում են, ճիշտ են, թե չէ` սպասեք համագումարի հայտարարությանը, համագումարից հետո կերեւա», - նշեց Արսենյանը։

Նրա խոսքերով` իր կուսակցության համագումարում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում, պարզ կդառնա իր ու իր կուսակիցների մասնակցության ձեւաչափը. - «Համագումարը կարող է որոշում ընդունել, որ չենք մասնակցում, համագումարը կարող է որոշում ընդունել` մասնակցում ենք, համագումարը կարող է որոշում ընդունի` դաշինք կազմել, համագումարը կարող է որոշում ընդունել` մեծամասնականներ առաջադրել կամ արգելել»։

Բայց այն, որ Գուգեն Արսենյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, այլեւս փաստ է: Մնում է ճշտել ձեւաչափը, որը կախված կլինի ոչ միայն համագումարի որոշումից, այլեւ քաղաքական իրավիճակի առանձնահատկություններից: Կուսակցությունում այժմ ուսումնասիրում են քաղաքական վիճակը։

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՄԱԿ-ը սկսել է ակտիվացնել քաղաքական գործունեության աստիճանը։ Նպատակը հենց խորհրդարանում քաղաքական ներկայություն ունենալն է։ Որոշումը կկայացնի` ելնելով երկրում ձեւավորված նախընտրական վիճակից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ի առաջնորդը։

«Ուսումնասիրում ենք, քննարկում ենք, վերլուծում ենք նախընտրական քաղաքական վիճակը։ Վերջ ի վերջո, մենք, լինելով քաղաքական կուսակցություն ու լինելով ողջամիտ մարդիկ, պետք է կարողանանք գտնել առավելագույն օգտակար գործողության գործակից ունեցող մեխանիզմը։ Հո մենակ չենք մասնակցում մասնակցելու համար։ Այսինքն` մեր մասնակցությունը ի սկզբանե նպատակ ունի քաղաքական ներկայություն ապահովել խորհրդարանում», - ընդգծեց Արսենյանը։

Միավորված աշխատանքային կուսակցությունը 5 տարի առաջ` 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին հավաքեց շուրջ 59 հազար ձայն` այդպիսով չանցնելով խորհրդարան: Դրանից հետո Գուրգեն Արսենյանի թիմի ակտիվությունը նվազեց:

Անցյալ հոկտեմբերին Արսենյանը հայնտվեց Երեւանի քաղաքապետարանի հետ հակասությունների մեջ: Քաղաքապետարանը, մասնավորապես, ապամոնտաժել էր նրան պատկանող ընկերության գովազդային վահանակները` պնդելով, թե դրանք անօրինական են տեղադրված: Արսենյանն էլ բողոքել էր քաղաքային իշխանություններից` մտադրություն հայտնելով դիմել դատարան: