Կստեղծվի Արդյունաբերական բարձրագույն խորհուրդ

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում պետական եւ մասնավոր կառույցներից ձեւավորվելու է Արդյունաբերական բարձրագույն խորհուրդ, որը կղեկավարի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի նպատակը, նախարարի խոսքով, արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացումը կյանքի կոչելը կլինի:

«Մասնավոր հատվածի ներկայությունը կլինի ավելի մեծ, քան պետական հատվածինը: Մենք նախատեսում ենք այդ խորհրդի կազմում ներգրավելնաեւ արդյունաբերական միություններին,
միջազգային կարեւորագույն կառույցների ղեկավարներին եւ բնականաբար, այն ուղղությունների ղեկավարներին, որոնք պատասխանատու են երկրի տնտեսության զարգացման համար: Այդ խորհրդի ձեւավորումից հետո կձեւավորվեն ճյուղային խորհուրդներ, որոնք հստակ կունենան ոլորտային ուղղվածություն: Այդ ոլորտային կամ ճյուղային խորհուրդները պետք է իրականացնեն այն կոնկրետ ծրագրերը, որոնք ուղղված են երկրի տնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը», - ասաց նախարարը:

Հիշեցնենք` անցած տարվա դեկտեմբերի 15-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որի համաձայն նախատեսվում է մինչ 2015 թվականը կրկնապատկել Հայաստանի արտահանման ծավալները, իսկ մինչ 2020 թվականը եռապատկել` հասցնելով մոտ 3 միլիարդ դոլարի: Տիգրան Դավթյանն ասաց, որ այդ ռազմավարությունն արդեն իրականացման փուլում է:

Հարցին, թե ի՞նչ է արտադրելու Հայաստանը, որ առաջիկա տարիներին արտահանումը մի քանի անգամ աճի, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. - «Աշխարհի շուկան այնքան մեծ է, որ միշտ կարելի է մի նիշ գտնել եւ այդ նիշի մեջ մտնել: Մենք պետք է արտադրենք այն, ինչ համապատասխանում է մեր տնտեսության չափսերին: Մեր խնդիրն է այն է, որ մեր ծավալները, մասշտաբները մեկ-մեկ չեն բավարարում պահանջարկին, եւ մենք պետք է գտնենք համաշխարհային տնտեսության մեջ փոքր նիշաներ: Այդ առումով մենք, ասենք, «Բոինգ» չենք արտադրելու, որ կարողանանք մրցակցենք»:

Տիգրան Դավթյանը նշեց, թե չի կարծում, որ եվրագոտում առկա խնդիրները կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի արտահանման մեջ առանցքային տեղ զբաղեցնող մետաղի` պղնձի եւ մոլիբդենի միջազգային գները անկում ապրեն, ինչն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա Հայաստանի ողջ տնտեսության վրա, քանի որ, օրինակ, անցած տարի Հայաստանից արտահանվող ապրանքների կեսից ավելին դուրս է եկել հանքաարդյունաբերությունից եւ մետալուրգիայից:

«Այս պահի դրությամբ այդ գները այնպիսին են, որ շահութաբերություն են ապահովում: Պղնձի գների առումով այդքան մեծ մտահոգություններ չկան, մի փոքր մոլիբդենի գինն է շահութաբերության մակարդակը նվազեցրել, բայց այս պահի դրությամբ եւ, կարծում եմ, մոտ ապագայում եւ այս տարվա ընթացքում ոլորտները կմնան շահութաբեր», - ասաց նա:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, թե առաջիկայում Եվրամիության հետ կսկսվեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները: Ինչպես հայտնի է, անցած տարվա հոկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, այդ թվում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստորագրվեց ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, որը պետք է վավերացնեն ԱՊՀ պետությունների խորհրդարանները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Իրանի հետ ազատ առեւտրի մասին պայմանավորվածության կայացումը ի՞նչ փուլում է, նախարարը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ էական տեղաշարժ չկա, բանակցություններ տարվում են, մենք ավելի կողմնակից ենք ազատ առեւտրի դասական մոդելին»:

Your browser doesn’t support HTML5

Կստեղծվի Արդյունաբերական բարձրագույն խորհուրդ