Հայաստանը եւ Մալավին դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Անցած շաբաթավերջին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Բրայան Բոուլերը ստորագրել են երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեպի ծով ելք չունեցող երկու երկրները պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես` կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում փաստաթղթի ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում դեսպանները կարեւորել են համագործակցության խթանումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: