Թուրքիայի փոխվարչապետը քննադատում է Ֆրանսիայի նախագահին

«Նախագահ Սարկոզին փորձում է սեփական շահն առաջ տանել եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծով՝ ամրապնդել դիրքերը առաջիկա նախագահական ընտրություններում», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը։

Անադոլու գործակալության հաղորդմամբ, թուրք բարձաստիճան պաշտոնյան կրկին քննադատել է պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այս հարցում եւ պնդել, որ այդ օրինագծով Ֆրանսիան իր կամքն է պարտադրում մարդկանց։

Թուրքիայի խիստ քննադատությանն արժանացած օրինագիծը Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի երկուշաբթի։ Քվեարկությունից առաջ օրենսդիր մարմնի մոտ ցույց կանցկացնեն Ֆրանսիայի թե՛ հայկական, թե՛ թուրքական համայնքի ներկայացուցիչները։