ՀԱԿ-ը քննարկում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը

ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում:

Հայ ազգային կոնգրեսը այսօր սկսեց քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը:
Մոտ 2.5 ժամ տեւած հանդիպման ավարտին, սակայն, վերջնական որոշումը չհրապարակվեց: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայային փոխանցեց, թե «պետք է մի քանի հարցերում հստակություն մտնի», որպեսզի կարողանան հրապարակել այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը ՀԱԿ-ի անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական միավորումների ներկայացուցիչները քննարկում էին քաղխորհրդի դռնփակ նիստում:

Ինչպես նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ներկայացուցիչ Ստեփան Մինասյանը, Կոնգրեսում գերակշռում են առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու տրամադրվածությունները: Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն, օրինակ, կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր, Մինասյանի ձեւակերպմամբ` «իրականում կպայքարեն համակարգի դեմ»: Նրա կարծիքով, եթե ՀԱԿ-ը այլ կուսակցություններից դաշինք կազմելու առաջարկ ստանա, դա էլ անհրաժեշտ է քննարկել:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախագահ Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, իրենց կուսակցությունը կողմ է Կոնգրեսի կազմով դաշինք կազմելուն եւ այդ ձեաչափով առաջիկա ընտրություններին մասնակցելուն:

«Առայժմ տրամադրություններն այնպիսին են, որ մենք հնարավորություն ունենք Հայ ազգային կոնգրեսով, համատեղ, դաշինքով հանդես գալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սարգսյանը` հավելելով. - «Ես կարծում եմ, որ մենք այնքան մեծ ուժ ենք Հայ ազգային կոնգրեսով... Եվ բազմակուսակցական մեր միավորումը մեզ հնարավորություն է տալիս ներսում ձեւավորել այդ դաշինքը: Եթե կլինեն այլ քաղաքական ուժեր, ովքեր կցանկանան մեզ հետ դաշինքի մեջ մտնել, դա եւս քննարկման թեմա է»:

Կոնգրեսի անդամ կուսակցություններով ընտրական դաշինք ձեւավորելուն կողմ է նաեւ Հայաստանի լիբերալ կուսակցությունը: Քաղաքական այդ ուժի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեր ընտրացուցակը կլինի միայն Կոնգրեսի անդամ կուսակցություններից կազմված: Մեր կուսակցության կարծիքը մենք քննարկել ենք, որոշել ենք, որ մենք պիտի մասնակցենք անպայման ընտրություններին Կոնգրեսի կազմում: Եվ նաեւ մի որոշում ենք կայացրել, որ Կոնգրեսը պիտի փակի բոլոր մեծամասնական ընտրատարածքները, այսինքն` մենք պետք է այդտեղ թեկնածուներ նշանակենք: Դա մեր կուսակցության կարծիքն է, Կոնգրեսինը չէ»:

Հարցին, թե կողմ է Կոնգրեսից դուրս գտնվող ուժերի հետ դաշինքներին, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Դա քննարկման խնդիր է: Քաղաքականապես ակտուալ խնդիր է, բայց դեռ եփված խնդիր չէ… Մենք նման առաջարկ չենք քննարկել: Մենք նման առաջարկ դեռ չենք ստացել»:

ՍԴՀԿ-ն եւս կողմ է բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելուն:

«Մեր կուսակցությունը համարում է, որ Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում պետք է կարողանալ մեծամասնական բոլոր ընտրատարածքներում ունենալ թեկնածուներ», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ Կոնգրեսի իր գործընկերները եւս «հիմնականում կողմ են»:

ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները միաձայն պնդում էին, թե այսօր համամասնական ցուցակի հարց չեն քննարկել:

«Հարցերը քննարկում ենք հերթականությամբ», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: - «Կհասնի այդ հարցը` կքննարկենք նաեւ այդ հարցը… Այդքան շտապելու խնդիր չէ դա: Կա'մ հաղթում ենք բոլորս, կա'մ պարտվում ենք բոլորս: Այնպես որ ընտրացուցակում ինչ-որ տեղեր զբաղեցնել… ես կարծում եմ այսօրվա իրավիճակում, երկրի իրավիճակում այդքան էլ կարեւոր չէ»:

Կոնգրեսը պաշտոնապես որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Հարցին, թե սատարելու են արդյոք այլ թեկնածուների ՏԻՄ ընտրություններում, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Այս պահին ոչ մի ուրիշ որոշում չունենք»:

Your browser doesn’t support HTML5

ՀԱԿ-ը քննարկում է ընտրություններին մասնակցելու ձեւաչափը