ԱԳՆ. Վերին Լարսում հայաստանցիների անվտանգությունը ապահովված է

Վատ եղանակի պատճառով Կազբեգի - Վերին Լարս հսկիչ անցակետը հատել չկարողացող հայաստանցիների հարցով Վրաստանում Հայաստանի դեսպանությունը կապ է հաստատել տեղի իշխանությունների հետ։

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, սահմանում է Հայաստանի քաղաքացիների տեղափոխող մոտ 30 ավտոմեքենա, 6 բեռնատար եւ 1 ավտոբուս։ Հայաստանցիների անվտանգությունը ապահովված է, տեղում կան սանհանգույցներ, տաք ջուր, հայտնում է արտգործնախարարությունը։

Նախօրեին վրացական եւ ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ հարյուրավոր մարդիկ, հիմնականում` Հայաստանի քաղաքացիներ, եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողանում Վրաստանից Կազբեգի - Վերին Լարս անցակետով անցնել Ռուսաստան։ Տվյալ վայրում ձյուն է տեղում, մրրկահողմ է ու մառախուղ, առկա է ձնահյուսի վտանգ։

Վրացական լրատվամիջոցները հայտնել են նաեւ, որ սահմանին մնացած հայաստանցիները տեղաբաշխվել են մոտակա բնակավայրերում, որտեղ նրանց ապահովել են սննդով։

Սահմանը կբացվի, հենց որ թույլ տա եղանակը, վստահեցնում են պատասխանատուները։