Ոստիկանությունը հարցաքննության է կանչել Արթուր Սաքունցին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին անցած շաբաթ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը հարցաքննության է կանչել` օգնության համար իրեն դիմած քաղաքացու նկատմամբ սպառնալիքներ կիրառելու կասկածանքով:

Քաղաքացին դիմել էր Սաքունցի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ` ահազանգելով ոստիկանությունում իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին: Սաքունցն էլ, իր հերթին, այդ մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ինչից հետո, սակայն, քաղաքացին հրաժարվել է իր բողոքից: Սրան հաջորդել է իրավապաշտպանի հարցաքննումը ոստիկանությունում:

«Դուրս է գալիս, որ ես քաղաքացուն ստիպել եմ, որ նա գա գրասենյակ», - պատմում է Արթուր Սաքունցը` նշելով, թե ոստիկանությունում ասել են, թե նա սպառնալիքներով է քաղաքացուն ստիպել ասել է, թե ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել: - «Աբսուրդը ոչ միայն դա է, այլ որ ժողովրդավարական կամ իրավական պետություն [կոչվելուն] հավակնող երկրում իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են քաղաքացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների բռնությունների բացահայտմամբ, քննությամբ, այլ հենց բռնության ենթարկված քաղաքացուն են ահաբեկում, որ նա չբողոքի: Դա քիչ է` նաեւ այդ բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգող իրավապաշտպան ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործի հարուցման սպառնալիքով են փորձում ճնշել»:

Ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքները հիմնականում մնում են առանց քննության, քրեական գործեր չեն հարուցվում, ասում է Սաքունցը:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում միայն անդրադարձավ այն դեպքին, որի շրջանակներում իրենք Սաքունցին կասկածել են քաղաքացուց սպառնալիքի միջոցով բողոք վերցնելու մեջ: Իսպիրյանն ասաց, թե սպառնալիքի փաստը չի ապացուցվել:

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես ասաց, որ ստուգել են փաստերը եւ հիմնավորել, որ սպառնալիքներ չեն եղել:

«Մարդիկ թյուրիմացության մեջ են ընկել, որի կապակցությամբ էլ հրավիրել ենք Սաքունցին ու բացատրություն վերցնել», - ասաց դատախազը:

Շահբազյանը հավելեց, որ ոստիկանությունում քաղաքացու` բռնության ենթարկվելու մասին տեղեկությունը եւս հերքվել է. - «Ինքը ասել է` ոստիկանները ծեծել են: Պարզվել է, որ սուտ է ասել»:

Your browser doesn’t support HTML5

Ոստիկանությունը հարցաքննության է կանչել Արթուր Սաքունցին