Սենատի ձախերը եւս հայտարարել են, որ կողմ են քվեարկելու ցեղասպանության օրինագծին

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի լսումներն անցել են բավականին բուռն մթնոլորտում:

Հունվարի 5-ից մեկնարկած լսումներին երեկ մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի եւ Թուրքիայի դեսպանները, պատմաբաններ: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առանձնակի հնչեղություն է ստացել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուի հայտարարությունը:

«Երեկվա հիմնական տենորը, որ ֆրանսիական եւ միջազգային մեդիայի մեջ աղմուկ է բարձրացրել, իր ագրեսիվ ելույթով «հռչակ» ստացած Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի ելույթն էր: Եվ այն բոլոր ագրեսիվ եւ վանդալիստ արտահայտությունները, որ հնչեցին անցած մեկ ամսվա ընթացքում, մինչեւ անգամ Ֆրանսիան [Ալժիրը ակնարկելով] ցեղասպան պետություն դատապարտելու հարցն ամփոփեց, եզրակացրեց եւ ներկայացրեց Թուրքիայի դեսպանը», - ասաց Վարժապետյանը:

Հրաչ Վարժապետյանի փոխանցմամբ, ինչպես հունվարի 5-ին, երեկվա լսումների ժամանակ եւս գերակշռող են եղել օրինագծին կողմ արտահայտված ելույթները: Ելույթ են ունեցել նաեւ հանրահայտ պատմաբաններ:

Ձախերն` հօգուտ նախագծի

Երեկ ֆրանսիական Սենատի Կոմունիստական եւ Սոցիալիստական խմբակցությունները համատեղ հայտարարել են, որ կողմ են քվեարկելու հունվարի 23-ին քննարկվելիք նախագծին:

«Երեկ ձախակողմյան ուժերը, այսինքն Ընկերվարական եւ Համայնավարական կուսակցության խմբակցությունները հայտարարեցին պաշտոնապես, որ իրենք կողմ պետք է քվեարկեն այս օրենքին: Մինչ այդ նաեւ իշխող աջակողմյան UMP կուսակցությունը հայտարարել էր, որ կողմ պետք է քվեարկի այս օրենքին` նախագահ Նիկոլա Սարկոզիի աջակցությամբ եւ զորակցությամբ», - ասաց Վարժապետյանը:

Այսպիսով, ըստ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանի, կարելի է արձանագրել, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի չափով տուգանք նախատեսող օրինագիծը: