Մեծ Բրիտանիայի դեսպանները ժամանել են Հայաստան

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ` ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվզը եւ Քեթրին Ջեյն Լիչը այսօր իրենց հավատարմագրերի պատճենն են հանձնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ:

Բրիտանացի դիվանագետները նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ - բրիտանական հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը խթանելու համար:

Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնման մեջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցամբ` հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: