Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրչուօղլուն, ով ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո «խորհրդակցությունների նպատակով» ետ էր կանչվել Անկարա, վերադարձել է Փարիզ։ Այդ մասին երեկ «Ֆրանսպրես»-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուկ Ունալը։

«Դեսպանը ավարտեց խորհրդակցությունները, ինչի համար ետ էր կանչվել, եւ շաբաթ օրը վերադարձավ Փարիզ», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ըստ Ունալի` դեսպանը այժմ ջանքերը կենտրոնացնելու է Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը կանխելու վրա։