Իսրայելի Քնեսեթում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելի խորհրդարանի կրթության հարցերի հանձնաժողովը այսօր սկսել է քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քնեսեթի հանձնաժողովը քննարկում է ապրիլի 24-ը «հայ ժողովրդի կոտորածի» հիշատակի օր հռչակելու առաջարկը։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ համանման մի առաջարկ մերժվել էր 2007 թվականին, երբ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները ջերմ էին, սակայն անցած տարի Գազայի հատված ուղեւորվող «Ազատության տորմիղի» վրա իսրայելական զինուժի հարձակման ընթացքում 9 թուրքերի սպանությունից հետո երկու պետությունների միջեւ հարաբերությունները ներկայումս լարված են։

Երուսաղեմի Հայ դատի գրասենյակից Ժորժետ Ավագյանը գործակալության հետ զրույցում հույս է հայտնել, որ բանաձեւի ընդունման «ժամանակը եկել է»։

Նման հնարավորությունը «Հաարեց» թերթի հետ զրույցում չի բացառել նաեւ նախագիծը սատարող իսրայելցի խորհրդարանական, ձախակողմյան «Մերեց» կուսակցության ներկայացուցիչ Զահավա Գալ-օնը։

Քնեսեթի խոսնակ Ռյովեն Ռիվլինը, սակայն, հանձնաժողովի նիստի բացման ժամանակ ընդգծել է, որ հարցը քաղաքական չէ եւ Իսրայելի ու Թուրքիայի միջեւ ծագած խնդիրների պատճառով չէ, որ բարձրացվել է։