Կիրակոսյան. «Ֆրանսիայի նախագահն ունի հայ համայնքի աջակցության կարիքը»

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյան

«Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումն առավելապես հարկ է դիտարկել Ֆրանսիայի ներքին քաղաքականության եւ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների համատեքստում»: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր այսպիսի գնահատական հնչեցրեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ քաղաքագետի, առկա են մի քանի գործոններ: Ֆրանսիայի նախագահն ունի առաջիկա ընտրություններում վերընտրվելու բավականաչափ դժվարին խնդիր, ու հետեւաբար` Ֆրանսիայի շուրջ կես միլիոնանոց հայ համայնքի աջակցության կարիքը: Իհարկե` Սարկոզիի գլխավորած կուսակցության նախաձեռնությամբ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի կողմից հիշյալ օրինագծի ընդունմամբ վերջինս զրկվում է Ֆրանսիայի թուրքական համայնքի օժանդակությունից, սակայն, Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ, նախապատվությունը տրվել է հայկական համայնքին, քանի որ այն ավելի հին, փորձառու, ավելի քաղաքականապես կազմակերպված ու ազդեցիկ է:

Բացի այդ, կա նաեւ այլ հանգամանք. քաղաքագետը հիշեցնում է նախագահ Սարկոզիի Հայաստան կատարած այցը, երբ տարածաշրջանային շրջագայության ընթացքում նա ամբողջ երկու օր անցկացրեց Հայաստանում ու միայն երկու ժամ` Ադրբեջանում:

«Սա խոսում է Ֆրանսիայի` իբրեւ գլոբալ խաղացողի արտաքին քաղաքականության ուղղվածության եւ երկրի հեղինակությանը նախանձախնդիր լինելու մասին», - ասում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը:

Այս ամենով հանդերձ, քաղաքագետը չի կարծում, թե տեղի ունեցածը լուրջ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա, հատկապես հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումն ընդամենը երկարատեւ գործընթացի սկիզբն է: Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը օրենքի վերածվելու համար դեռեւս պետք է վավերացվի Սենատի կողմից:

Անկախ ամեն ինչից, Կիրակոսյանը համարում է, որ սա դրական գործընթաց է, եւ նպաստում է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի խորացմանը:

Անշուշտ, Հայաստանի կառավարությունն այս ամենի մեջ ուղղակի դերակատարություն չի ունեցել, Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումն առաջին հերթին ֆրանսահայերի հաղթանակն է` Հայ Դատի համատեքստում, այդուհանդերձ, այն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Այս տեսանկյունից Կիրակոսյանը շատ կոռեկտ է գնահատում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական արձագանքը: Հիշեցնենք` դրանում, մասնավորապես, նշված էր. - «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծով Ֆրանսիան վերահաստատեց մարդու իրավունքների բնօրրան լինելու իր բարձր համարումը եւ մեկ անգամ եւս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ինչ վերաբերում է Անկարայի` քաղաքագետի բնորոշմամբ` չափազանց բուռն արձագանքին, ապա դա, վնասում է հենց իրեն` Թուրքիային, եւ, ըստ էության, ցույց է տալիս, որ այդ երկիրը դեռեւս անկեղծ չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու` իր հայտնած պատրաստակամության մեջ:

«Կարճաժամկետ հեռանկարում հայ-թուրքական մերձեցման գործընթացն, անշուշտ, կտուժի», - նաեւ նշում է քաղաքագետը` հավելելով, սակայն, որ ժամանակային առավել մեծ կտրվածքով Թուրքիան, եթե ցանկանում է խաղացող լինել այս տարածաշրջանում, ի վերջո հարկադրված է լինելու բացել Հայաստանի հետ սահմանն ու կարգավորել Երեւանի հետ հարաբերությունները:

«Այդ հարցում արդեն իսկ էական առաջընթաց գրանցվել է, ու ի սկզբանե չի էլ ենթադրվել, որ մերձեցման գործընթացը հեշտ է լինելու», - ամփոփեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է նաեւ մեր համաքաղաքացիների հետ: Լսեք նրանց կարծիքները` կից ձայնային ֆայլում:

Your browser doesn’t support HTML5

Կիրակոսյան. «Ֆրանսիայի նախագահն ունի հայ համայնքի աջակցության կարիքը»