Վթարի հետեւանքով տուժել է 11 մարդ, կա մեկ զոհ

Your browser doesn’t support HTML5

Դեկտեմբերի 21-ին Գյումրի – Երեւան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ – Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանցից մեկը՝ 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը, հիվանդանոցում մահացել է։

Տուժածներին տեղափոխել էին Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը նշեց, որ երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել վթարից տուժած 11 անձ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրանցից մեկին՝ Շուշանիկ Սուվարյանին, փրկել չի հաջողվել, մյուսը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Տուժածները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեցին, որ միկրոավտոբուսի վարորդը վատառողջ է եղել եւ ակնհայտ է եղել, որ նա քնելու կարիք ունի։

Դեպքի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Վթարի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։

Your browser doesn’t support HTML5

Խոշոր վթար Գյումրի – Երեւան մայրուղում