Խորհրդային բարեկեցության փշրանքներով ապրողները

Your browser doesn’t support HTML5

75-ամյա Ռադիկ Հարությունյանի ընտանիքի ողջ գույքը խորհրդային ժամանակներից է մնացել, ու այն, ինչ հասցրել են գնել այդ տարիներին, արդեն մաշվել է: 4 աթոռների ոտքերն ամրացրել են, որպեսզի նստելիս վայր չընկնեն։

«Ոչ մի ասեղի չոփ առած չկանք՝ ոչ շոր, ոչ կոշիկ, ոչ մի բան։ Հնով յոլա ենք գնում, կամ մարդիկ օգնում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Հարությունյանը։

Թոշակառուն պատմում է, որ խորհրդային տարիներին հավաքած գումարը մի մասը բանկում է ավանդադրել, մեծ մասն էլ` 3 միլիոն ռուբլին, կորցրել հայկական դրամին անցնելու հետեւանքով:

Ծեր ամուսիններն ապրում են երկու դուստրերի հետ: 50 տարեկանին մոտ դուստրերից մեկը 60 հազար դրամ ամսական աշխատավարձ է ստանում, մյուս դուստրը, թեեւ բարձրագույն կրթություն ունի, մասնագիտությանը համապատասխան գործ չի կարողանում գտնել: Ընտանիքի ամսական բյուջեն 110 հազար դրամի չի հասնում: Դրանով հասցնում են վարձերը վճարել ու առաջին անհրաժեշտության սննդամթերք գնել:

Հայաստանում կա ավելի քան կես միլիոն կենսաթոշակառու: Կենսաթոշակների բարեփոխումների կառավարական ծրագրի համաձայն, 2008 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ 60 տոկոսով բարձրացրել է կենսաթոշակների չափերը, հաջորդ տարի նախատեսվում են կենսաթոշակների նոր բարձրացումներ։ Սակայն տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը նշում է, որ բազային կենսաթոշակը, որ հաջորդ տարի հասնելու է մոտ 13.000 դրամի, չի կարող բավարար համարվել։

«Գոնե մի 250 դոլար այսօրվա պայմաններում ոչ արժանապատիվ, բայց գոյություն պահպանելու համար բավարար կլինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Գալոյանը։

Իսկ թոշակառու Ռադիկ Հարությունյանը գտնում է, որ եթե կառավարությունը ցանկություն ունենա, թոշակառուներին բարեկեցիկ ծերությամբ ապահովելու հնարավորություններ կգտնի։

Your browser doesn’t support HTML5

Խորհրդային բարեկեցության փշուրներով ապրողները