Բախումներ ղազախական քաղաքում. կա առնվազն 10 զոհ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի արեւմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումներից հետո այսօր այնտեղ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ըստ հրամանագրի` քաղաքում արտակարգ դրությունը կպահպանվի մինչեւ հունվարի 5-ը:

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն` քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 11 մարդ է զոհվել, վիրավորվել են առնվազն 80-ը, սակայն սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ զոհերի թիվը ավելի մեծ է:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունը հրահրողները եղել են նավթային ընկերություններից մեկի` գործադուլի պատճառով աշխատանքից ազատված աշխատողները:

Քաղաքում զրահատեխնիկա է մտցվել, ոստիկանությունը զենք եւ արցունքաբեր գազ է կիրառել: Առնվազն 70 մարդ բերման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը, երկրի ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները կոչ են արել հետաձգել հունվարի 15-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները եւ Ժանաոզենի իրադարձությունները քննելու համար անկախ հանձնաժողով ստեղծել:

Երկրում այժմ արգելափակված են մի քանի կայքեր, այդ թվում` Twitter-ը: