Ռասուլ Գուլիեւ. «Չի բացառվում, որ Ադրբեջանն ավելի շատ տարածք կորցնի, քան այսօր»

Միլի մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւ

Ադրբեջանցի վտարանդի քաղաքական գործիչը դիմում է ինտերնետի օգնությանը` երկրում քաղաքական պայքարը սրացնելու համար:
Ադրբեջանցի ամենահայտնի վտարանդի քաղաքական գործիչը` Հեյդար Ալիեւի նախկին մերձավոր զինակից, Միլի մեջլիսի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը, խոստանում է Ադրբեջանում նոր թափ հաղորդել ընդդիմադիր շարժմանը:

Միացյալ Նահանգներում բնակվող Գուլիեւը YouTube կայքում ուղերձ է տեղադրել, որով շարքային ադրբեջանցիներին կոչ է անում պայքարել իրենց իրավունքների համար:

«Այն պահից, ինչ ես լքեցի Ադրբեջանը, փորձում էի ձեր իսկ օգնությամբ որոշ փոփոխությունների հասնել: Չնայած դրան, կարող եմ արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Ադրբեջանում բոլոր ընտրությունները կեղծվել են: Պետական հաստատությունները Ադրբեջանում չեն գործում, երկիրը կարծես միջնադարում լինի», - հայտարարում է Գուլիեւը` նշելով նաեւ, թե իր նորաստեղծ «Բաց հասարակություն» կուսակցության միջոցով երկրում Դիմադրության շարժում է նախաձեռնելու:

«Իրավիճակն Ադրբեջանում իրոք շատ մտահոգիչ է: Եթե ամեն ինչ շարունակի ընթանալ այնպես, ինչպես հիմա է, երկիրը կարող է հայտնվել քաոսի ճիրաններում, արյուն կհեղվի, չի բացառվում անգամ, որ մենք օտարերկրյա ինտերվենցիայի ականատեսը դառնանք եւ ի վերջո անհամեմատ ավելի շատ տարածքներ կորցնենք քան 91 թվականից ի վեր», - նշում է Գուլիեւը:

2005 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Գուլիեւը փորձել էր վերադառնալ հայրենիք, սակայն Իլհամ Ալիեւի վարչակազմը դա նրան թույլ չտվեց: Այժմ արդեն Գուլիեւը հայտարարում է, թե Ադրբեջանի իշխանությունների դեմ իր պայքարի գլխավոր գործիքը դառնալու է համացանցը:

«Ես իմ անձնական բլոգն եմ ստեղծել, որի միջոցով կներկայացնեմ իմ տեսակետները: Ես ցանկանում եմ, որ իշխանությունները զգան` այսուհետ նրանք անկարող են լինելու կեղծել ընտրությունները», - հայտարարում է Ռասուլ Գուլիեւը:

Your browser doesn’t support HTML5

Ռասուլ Գուլիեւ. «Չի բացառվում, որ Ադրբեջանն ավելի շատ տարածք կորցնի, քան այսօր»