Ջանֆիդա գյուղում իսկապես կրակել են

Your browser doesn’t support HTML5

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչները եւ գյուղապետ Էդիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին, որ երեկ առավոտյան իրենց գյուղում կրակոցներ են հնչել, բայց թե ովքեր են կրակել, տեղյակ չեն:

Ի դեպ, երեւանյան մամուլը գրում է, որ կրակոցները հնչել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտակայքում, ով բացակայում է երկրից:

Ջանֆիդայի գյուղապետ Էդիկ Մանուկյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք անհանգստացած են, գյուղն ուզում է, որ այդ դեպքը բացահայտվի, քանի որ մարդիկ նյարդային վիճակում են:

«Երեկ առավոտյան 8:10, 8:15-ի կողմերը կրակոցի ձայն ենք լսել, եւ մեր համայնքի ժողովուրդն էլ է լսել, բայց կոնկրետ չենք իմացել` ինչ ձայն է, որովհետեւ ի՞նչ իմանանք ավտոմատի ձայն է, սովորական որսորդական հրացանի ձայն է, որովհետեւ թափառող շները կան, միշտ կրակում են: Դրանից հետո մենք Հոկտեմբերյան ենք գնացել, ժամը 3-ի կողմերը հետ ենք գալիս ու տեսնում, որ գյուղում ոստիկանություն կա, ու իմացանք, որ փաստորեն ավտոմատից կրակահերթեր են եղել երկու անգամ», - ասաց Մանուկյանը` հավելելով, թե իրենք չգիտեն, թե ում տան մոտ են կրակել:

Գյուղապետն ասաց, թե, իրենց տեղեկություններով, կրակողները արտասահմանյան մակնիշի երկու ավտոմեքենաների մեջ են եղել, որոնք շատ արագ հեռացել են:

Ջանֆիդացիները երեկ իրենց գյուղում հնչած կրակոցների մասին աշխատում էին զգույշ խոսել, ասում էին, թե լսել, որ կրակոցներ են հնչել, բայց թե ովքեր են կրակել, տեղյակ չեն: Ինչպես գյուղացիներից մեկը նշեց` եթե վերեւներում դա չեն կարողանում պարզել, իրենք ինչպե՞ս իմանան: Շատ գյուղացիներ էլ հրաժարվում էին այս միջադեպի հետ կապված որեւէ բան ասել, անգամ մի տարեց կին, երբ փորձում էր իր կարծիքն արտահայտել, նրա ամուսինը սկսեց հանդիմանել կնոջը, թե` «ի՞նչ գործ ունես»:

«Աղջի ջան, մի քիչ խոսա', քի'չ», - հորդորեց ամուսինը:

Ուշագրավ է, որ թեեւ ամբողջ գյուղը խոսում է երեկվա կրակոցների մասին, բայց ոստիկանությունն այդպես էլ չի կարողանում պարզել, թե ինչ է տեղի ունեցել, եւ թե այս կրակոցները ի՞նչ կապ ունեն ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե ոչ ոք իրավապահներին չի դիմել, սակայն ոստիկանության աշխատակիցները գնացել են Ջանֆիդա գյուղ, զրուցել գյուղացիների հետ, բայց կրակոցի որեւէ հետք չի հայտնաբերվել:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ զրուցել պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ընտանիքի անդամների հետ, բայց նրա տան դռներն այդպես էլ չբացվեցին:

3300 բնակիչ ունեցող Ջանֆիդայի գյուղապետը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է ու թեեւ նրա փոխանցմամբ, գյուղի մեծ մասը Հանրապետական է, իսկ մյուս մասը` ԲՀԿ-ից, բայց, միեւնույն է, միայն ընտրությունների օրը պարզ կլինի, թե իրականում գյուղը որ կուսակցության անդամ է:

«Տոմսերով շատը Հանրապետական են, բայց իրականում դժվար է ասել, ընտրությունների ժամանակ կերեւա», - ասաց գյուղապետը: