Վերանորոգվում է Մատենադարանի հին մասնաշենքը

Շինարարական աշխատանքներ Մատենադարանի հիմնական մասնաշենքում եւ Մատենադարան տանող ճանապարհին

Մատենադարանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումից երկու ամիս անց այստեղ կրկին շինարարական եռուզեռ է: Դեպի բարձունք տանող աստիճանահարթակը քանդված է, վերանորոգման աշխատանքներ են ընթանում վերեւի հարթակում, ինչպես նաեւ հին` հիմնական մասնաշենքում:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումից հետո շենքում մի քանի նոր ցուցասրահներ են ավելանալու, կլինեն նաեւ լաբորատորիաներ եւ մեծ դահլիճ գիտական համաժողովների համար:

«Հին շենքը վերակառուցվում է, եւ այնտեղ մի ցուցասրահի փոխարեն պիտի ունենանք 9-10 ցուցասրահ, որը հնարավորություն կտա Մատենադարանի գանձերը եւ համամարդկային արժեքները լուսաբանել նոր տեսանկյունից եւ շատ ավելի ընդարձակ էքսպոզիցիաներով», - ասաց Թամրազյանը:

Մատենադարանի տնօրենի խոսքով, վերակառուցման այս աշխատանքները արվում են ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով` որպես նոր մասնաշենքի կառուցման շարունակություն:

«Մատենադարանը իր մոնոլիտ կերպարը պիտի պահի: Սա առանձին բյուջեով է` դարձյալ բարեգործական հիմունքներով, դարձյալ աշխատանքները կատարվում են պետական բարձրագույն հովանավորությամբ, նախագահի անմիջական հսկողության տակ», - ասաց Մատենադարանի տնօրենը:

Հիշեցնենք` նոր մասնաշենքը շուրջ 14 միլիոն դոլար է արժեցել, որից 10 միլիոնը տրամադրեց բարերար Սերգեյ Համբարձումյանը, իսկ 4 միլիոնը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Հրաչյա Թամրազյանը դժվարացավ ասել, թե որքան կարժենա հին մասնաշենքի եւ շրջակայքի վերակառուցման աշխատանքները: Տնօրենի փոխանցմամբ` վերակառուցված մասնաշենքի բացումը նախատեսված է հաջորդ տարվա ապրիլի վերջին:

«Մատենադարանը դառնում է առանձին, լոկալ տարածք, մշակութային միջավայր եւ ամենակարեւորը` Մատենադարանը կսկսվի հենց Մաշտոցի պողոտայից», - շեշտեց Հրաչյա Թամրազյանը:

Ի դեպ, Մատենադարանի տնօրենը հերքեց տեղեկությունները, թե քանդված աստիճանների փոխարեն շարժասանդուղք է տեղադրվելու: Բայց միեւնույն է, ըստ Հրաչյա Թամրազյանի, գտել են ճարտարապետական այնպիսի լուծում, որ Մատենադարանի աշխատակիցները, այցելուները, այլեւս ստիպված չեն լինի հաղթահարել երկար աստիճանահարթակը:

«Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի, շենքը հանձնելուց հետո արդեն պարզ կլինի, որ դրա կարիքը չկա: Շատ ավելի մերձ տարածքով, մուտքից զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղղակի այդ կանգառից բարձրանալ, մի քանի քայլ է», - ասաց նա:

Մինչ Մատենադարանի հիմնական մասնաշենքում վերանորոգում է, ցուցասրահը տեղափոխվել է նորակառույց գիտական մասնաշենք: Չնայած մատենադարան տանող քանդված ճանապարհին եւ շինտեխնիկային` այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին կային թե' ուսանողական, թե դպրոցական խմբեր:

Your browser doesn’t support HTML5

Վերանորոգվում է Մատենադարանի հին մասնաշենքը