«Հայրենակիցներ» ծրագիրը շարունակում է գործել

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կոշմարը հերքում է հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե ինքն ասել է, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող կամավոր վերաբնակեցման «Հայրենակիցներ» պետական ծրագիրը կասեցվել է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Կոշմարը ասաց, որ ծրագիրը շարունակվում է. - «Այո, անպայման: Երբ սկսեցին այստեղ գալ, օրական 60-80 մարդ էր գալիս: Նրանց կինոնկար էին ցուցադրում, թե այս պետական կամավոր վերաբնակեցումը ինչ ծրագիր է: Ու շատերը հեռանում էին, որովհետեւ հասկանում էին, որ իրենց պետք էր գնալ աշխատել ու հետ գալ, քանի որ տունն ու ընտանիքը այստեղ են: Հետո ավելի ու ավելի քիչ էին դիմում: Հիմա ընդունելությունների ժամանակ 2-5, մինչեւ 8 մարդ է գալիս»:

Վասիլի Կոշմարը չի տիրապետում վիճակագրությանը, թե այս տարի ծրագրով Շիրակի մարզից քանի ընտանիք է մեկնել, քանի որ, իր խոսքով, ծրագիրն իրականացնում է Միգրացիոն ծառայությունը:

Ռուսաստանի 25 մարզեր են ընդունում կամավոր վերաբնակվող ընտանիքներին, որոնց համար արտոնություններ են սահմանել: Տարբեր մարզերում առաջարկվող պայմանները տարբեր են, գլխավորը, սակայն, աշխատանքով ապահովելն է:

Գյումրիում ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը չի մարել. պարզապես Ռուսաստանի այն մարզերը, որտեղից կա կոնկրետ աշխատանքի առաջարկ, հեռավոր ու ցուրտ կլիմա ունեցող մարզեր են, ինչը շատերին հետ է պահում:

Տարեսկզբին Վասիլի Կոշմարը ասել էր, որ Ռուսաստանից գործարարներ են այցելելու` ներդրումների հնարավորություններին ծանոթանալու համար: Այսօր նա ասաց, որ գործարարների պատվիրակությունը Գյումրիում եղել է. - «Բայց դեռ չեն կողմնորոշվել, քանի որ այստեղ անհրաժեշտ պայմաններ է պետք ստեղծել, որպեսզի գործարարն այստեղ հարմար զգա իրեն` տնտեսական, ֆինանսական առումով: Որպեսզի այստեղ գործունեություն ծավալեն, պետք է տեղում հայ գործընկերներ ունենան: Առայժմ այդպիսի մարդկանց մեր գործարարները չգտան»:

Your browser doesn’t support HTML5

«Հայրենակիցներ» ծրագիրը շարունակում է գործել