Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գիծը գործելու է նոյեմբերի 1-ից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով 9 հասարակական կազմակերպությունների հետ, վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 1-ից գործարկվելու է շուրջօրյա օպերատիվ 116 եռանիշ հեռախոսահամարը՝ թեժ գիծը: Այն գործելու է նաեւ ոչ աշխատանքային օրերին: Ընդ որում, թեժ գծի բոլոր մուտքային զանգերը անվճար են հանրապետության բոլոր մարզերից:

Հաղորդագրությունում ասվում է, որ արագ արձագանքումն իրականացվում է այն բոլոր դեպքերում, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, այնտեղ ենթարկվել դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, կամ առկա է այդպիսի վերաբերմունքի արժանանալու սպառնալիք, վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն բավարարվում անձի օրինական միջնորդությունները` մասնավորապես պաշտպան ունենալու, թարգմանիչ ունենալու, դատաբժշկական ուղեգիր տրամադրելու, առաջին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում կալանավորը, կամ դատապարտյալը ենթարկվել են դաժան, անմարդկային վերաբերմունքի, զորամասում տեղի է ունեցել, կամ շարունակվում է տեղի ունենալ խոշտանգում, զինվորական ծառայության են զորակոչում անձի, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողություններն իրականացնում է անօրինական եղանակով եւ այլն:

Նշված դեպքերում պաշտպանի գրասենյակը եւ նրա հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները կտրամադրեն անհրաժեշտ իրավական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կայցելեն համապատասխան վայր, իսկ առանձին դեպքերում տեղեկատվությունը կփոխանցեն պատկան մարմնին կամ կճշգրտեն տեղեկատվությունը։