Մայր Աթոռը ակնկալում է, որ եկեղեցին կազատվի գույքահարկից

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով օրենսդրական այն փոփոխությունների նախագծերին, որոնցով եկեղեցին ազատվում է գույքահարկից, ասաց, թե Մայր Աթոռը ցանկանում է, որ եկեղեցապատկան գույքն ու կալվածքները ազատվեն գույքահարկից եւ հողի հարկից:

Մելիքյանի խոսքով` Մայր Աթոռի «ակնկալությունն է», որ Ազգային ժողովում տարածված հայտնի ցանկի բոլոր կառույցները ազատվեն նշված հարկերից:

Հիշեցնենք` երեքշաբթի օրը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ այդ նախագծերի` գույքահարկից ազատվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները: Արտոնություններ են սահմանվում նաեւ հողի հարկի մասով:

Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխություններում գրված է միայն, թե ինչ տեսակի շենքեր ու շինություններ պետք է ազատվեն գույքահարկից: Բայց թե կոնկրետ ո՞ր շենքերի, շինությունների մասին է խոսքը, կառավարությունը պետք է սահմանի առանձին` իր որոշմամբ:

Եվ ահա, խորհրդարանում այդ նախագծերի քննարկման ժամանակ ներկայացվեց կառավարության սահմանած մի ցանկ, ուր նշված են 286 օբյեկտ, այդ թվում` 20 բնակելի տուն, 4 առանձնատուն, 2 ճաշարան, 1 սրճարան, 11 ֆուտբոլի մարզադաշտ եւ այլն: Այսինքն` կառավարությունը առաջարկում է բոլոր այդ օբյեկտները ազատել գույքահարկից եւ արտոնություններ սահմանել հողի հարկի մասով:

«Հիմա մեր հարգարժան կառավարությունն ուղարկել է մի ցանկ, որտեղ կան առաջնորդարաններ, վարչական շենքեր, հայորդյաց տներ եւ մշակութային կենտրոններ, ճեմարաններ, ծերանոց, մանկատուն, որոնց հետ մենք որեւէ վերապահում չունենք: Բայց այդ ցուցակում կան նաեւ արոտավայրեր, ատամնաբուժարան, կինոթատրոն, ճաշարան եւ սրճարան, ֆուտբոլի մարզադաշտ իր շրջակա կառույցներով, 3 խանութ-տաղավարներ, հասարակական զուգարաններ, ավտոկանգառ, ջրավազան, հողամաս, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան եւ այլն…», - երեքշաբթի այս առնչությամբ ասել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, թե այդ ցանկը կառավարությանն է ներկայացրել Մայր Աթոռը:

«Եկեղեցու ակնկալությունն է, որ ի վերջո այդ կառույցները բոլորը ծառայում են մեր ժողովրդին, եկեղեցին անհատ ձեռներեց չէ, անհատ սեփականատեր չէ, այլ առանձին հասարական մի կառույց է, որը դարերով գործել է եւ բնականաբար, ունի որոշակի սեփականություններ` եկեղեցիներ, սրբավայրերը, այդ սրբավայրերի համար օգտագործվող կառույցներ` առաջնորդարաններ, հոգեւոր դասի համար այս կամ այն գյուղում, գյուղական համայնքում ձեռք բերված բնակարաններ, որոնք բոլորն էլ ծառայում են եկեղեցու առաքելության իրականացմանը: Ճաշարանները, բարեգործական ճաշարաններն են, եւ որեւէ անպատեհություն չկա, որ այդ առումով եկեղեցին ազատվի գույքահարկից, որովհետեւ եկեղեցին փոխարենը այլ կերպ, ոչ նյութական տեսքի մեջ, բայց կարծում եմ, բավականին մեծ օգուտ եւ սպասավորություն է բերում ժողովրդին», - ասաց Մելիքյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակը մանրամասնեց. - «Թվում է, թե ինչու պիտի եկեղեցին սրճարան ունենա կամ տարբեր այլ կառույցներ: Ես տեղեկացնեմ, որ գույքը ներկայացված է այն անուններով, ինչպես դրանք գրանցված են. մարզադաշտը գոյություն ունի, դա ընդամենը մեկ մարզադաշտ է, եւ ոչ թե 11-ը, ինչպես ներկայացվում էր մամուլում, ցանկում նշված է մարզադաշտը իր 11 կառույցներով»:

Հարցի առնչությամբ Ազգային ժողովում հնչող բողոքներից է, թե ներկայումս պետբյուջեի համար լարված ժամանակաշրջան է, երբ, օրինակ, գալիք տարի նախատեսվում է մոտ 101 միլիարդ դրամ ավելի հարկ ու տուրք գանձել, եւ այդ պարագայում ինչու՞ պետք է եկեղեցու կալվածքները ազատվեն հարկերից:

Այս հարցին, Վահրամ քահանա Մելիքյանն այսպես պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ ժողովուրդը այդ առումով առարկություն չունի: Որոշակի կառույցներ են, որ բարձրաձայնում են այս խնդիրը, բայց պետք է հստակ լինի, որ առայսօր եկեղեցին բոլոր իր այդ կառույցներից որեւէ հարկ չի վճարել, որովհետեւ չի հարկվել: Ուղղակի այսօր կարեւոր է, որ այդ ամենը իրավականորեն ամրագրվի, որպեսզի որեւէ կողմ որեւէ խնդիր երբեւէ չունենա: Մենք ուղղակի ամրագրում ենք այն, ինչ որ կա` իրավական ճանապարհով»:

Վահրամ քահանա Մելիքյանը դժվարացավ նշել եկեղեցապատկան կալվածքներից տարեկան գանձվող գույքահարկի ու հողահարկի չափը, որը նախագծերի օրենքի ուժ դառնալու պարագայում, այլեւս չի մտնելու պետբյուջե եւ համայնքների բյուջե: Նա միաժամանակ, տեղեկացրեց, թե, օրինակ, անցած տարի Հայաստանի Հանրապետության տարածքում Մայր Աթոռի բարեգործական ծրագրերը արժեցել են մոտ 2 միլիոն դոլար:


Your browser doesn’t support HTML5

Մայր Աթոռը ակնկալում է, որ եկեղեցին կազատվի գույքահարկից