Ղարաբաղի վարչապետը պնդում է, թե պարենի գներն իջել են

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի կառավարության ղեկավարը պնդում է, որ վերջին ամիսներին պարենային ապրանքների գներն իջել են: Բնակչությունը, մինչդեռ, հակառակն է պնդում:
Տարեսկզբին, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել էր, թե ամռանը գների կտրուկ անկում կլինի. - «Ոչ թե նվազում է լինելու ինչ-որ տոկոսներով, այլ բավականին մեծ տոկոսներով բոլոր ապրանքատեսակների գների իջեցում ենք սպասում»:

Այս հայտարարությանը, սակայն, հետեւեց ոչ թե գների նվազեցում, այլ գնաճ. թանկացան ձեթը, շաքարավազը, կարտոֆիլը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արա Հարությունյանը ասաց, թե գների նվազեցում, այնուամենայնիվ, տեղի ունեցել է. - «Գների անկում, մանավանդ պարենային մթերքների գների անկում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել»:

Ստեփանակերտցիները, սակայն, չեն կիսում վարչապետի կարծիքը:

«Հագուստի թանկացումներին կարելի է համակերպվել, բայց ուտելիքի թանկացումներին` ոչ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին:

Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում գնաճը զսպելու ուղղությամբ: Առաջիկայում, նրա խոսքով, կստեղծվեն նոր արտադրամասեր, նաեւ` իրեն զգացնել կտա գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքը. - «Դա ծրագրեր են, որ թույլ են տալու տարիների ընթացքում փորձել ներմուծումից հրաժարվել կամ կախվածությունն իջեցնել եւ տեղական արտադրության ծավալներն ավելացնելով` նաեւ հետագայում որոշ ապրանքատեսակներ դարձնել որպես արտահանվող ապրանք»:

Your browser doesn’t support HTML5

Ղարաբաղի վարչապետը պնդում է, թե պարենի գներն իջել են