«Եթե Հայաստանը ուզենա, որ ես վերադառնամ, անպայման կվերադառնամ»

Ռոք երաժիշտ Օլիվեր Վիերսը Հայաստանում

Օգոստոսին Ամառային երաժշտական փառատոնին մասնակցած դանիացի ռոք երաժիշտ Օլիվեր Վիերսը կրկին Հայաստան է այցելել:
Օգոստոսի 26-ից 28-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Ամառային երաժշտական փառատոն, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանից եւ մի քանի տարբեր երկրներից խմբեր եւ անհատ կատարողներ, որոց թվում էր դանիացի ռոք երաժիշտ Օլիվեր Վիերսը: Փառատոնից մեկ ամիս անց Օլիվերը կրկին Հայաստանում էր:

«Ես վերադարձա, քանի որ նախորդ այցս աշխատանքային էր: Այս անգամ եկել եմ հաճելի ժամանակ անցկացնելու համար` տեսնելու երկրպագուներիս ու ինձ սիրելի մարդկանց: Այն երաժշտությունը, որ ես լսեցի ռոք փառատոնի ժամանակ, շատ հետաքրքիր էր: Այն իր մեջ պարունակում է ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական երաժշտության ազեցությունը: Առաջադիմություն էի նկատում յուրաքանչյուր խմբի կատարման մեջ, ինչը զարմացրեց ինձ, բայց ես հավանեցի դա», - ասաց Օլիվերը:

Օլիվերը մեծացել է արվեստագետների ընտանիքում: Ծնողները քանդակագործներ են, հայրը նաեւ դաշնամուր է նվագում: Նա սկսել է ռոք խմբում հանդես գալ 13 տարեկանում, իսկ 33 տարեկանից սկսած միայն սոլո կարիերայով է զբաղվում:

Նա պատմում է, որ համերգային շրջագայություններ է ունեցել տարբեր երկրներում եւ հանդիսատեսի կողմից արժանացել է տարբեր ընդունելությունների. - «Ես շատ երկրներում եմ ելույթ ունեցել: Որոշ երկրներում երաժշտության եւ ունկնդրի մակարդակն այնպիսին էր, որ շատ օրիգինալ մի բան պետք է անեիր` նրանց զարմացնելու համար: Այստեղ ավելի լավ է, երբ մարդիկ ավելի բաց են երաժշտության համար»:

Երաժիշտը նշում է, որ իր համար ամեն ինչն է կարեւոր ստեղծագործելու համար, եւ ամեն ինչը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ:

«Այն ինչ կատարվում է ինձ հետ, իմ շուրջ, կարող եք իմանալ իմ ալբոմում տեղ գտած երգերը լսելով: Ես ոգեշնչվում եմ մարդկանցից, ճանապարհորդությունից եւ ընթերցանությունից», - ասում է երաժիշտը:

Օլիվերը նշեց, որ ունի սիրելի երգերի մի մեծ ցուցակ: - «Կան շատ երգեր, որ ես իսկապես սիրում եմ», - ասաց նա եւ հավելեց, որ երբ ինչ-որ բան է զգում, վերաարտադրում է երգի տեսքով: Նրա համար կարեւոր է երգի գաղափարն ու իմաստը եւ երբեք չի պատկերացնում մեկ ուրիշ աշխատանք, որը կփոխարինի երաժշտությանը:

«Ես փորձել եմ մեկ անգամ թողնել երգելը: Դրանից հետո ես դեպրասիայի մեջ ընկա առաջին եւ վերջին անգամ: Ես չեմ կարող դադարել երաժշտությամբ զբաղվել: Կարծում եմ` շատ երկար տարիներ կզբաղվեմ այս աշխատանքով», - ասում է Օլիվերը:

Նա իր 2-րդ այցով փաստում է, որ հավանել է Հայաստանը եւ հայ հանդիսատեսին: Երաժիշտը նշեց, որ հաջորդ այցելության ծրագրեր դեռ չունի, բայց հրավեր լինելու դեպքում չի մերժի. - «Այո, եթե Հայաստանը ուզենա, որ ես վերադառնամ, ես անպայման կվերադառնամ: Հրաշաի կլինի նվագել Հայաստանում մեկ ուրիշ փառատոնի կամ միջացառման ժամանակ»:

Your browser doesn’t support HTML5

Եթե Հայաստանը ուզենա, որ ես վարադառնամ, ես անպայման կվարադառնամ