Երեւանում բացվեց Շառլ Ազնավուրի թանգարանը

Թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Երեւանն այսօր երկու նշանակալի մշակութային ձեռքբերում ունեցավ` բացվեց Շառլ Ազնավուրի թանգարանը եւ քաղաքի կենտրոնում հանգրվանեց Օգյուստ Ռոդենի հեղինական արձաններից մեկը:
Շառլ Ազնավուր կեցավայր-թանգարանի բացմանը ներկա էին ինքը` Շառլ Ազնավուրը, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին:

Տուն-թանգարանում միաժամանակ նաեւ կազմակերպվելու է Ազնավուրին պատկանող իրերի` գրքերի, սկավառակների, պարգեւների ցուցադրություն, որոնք շանսոնյեն անձամբ ուղարկել է թանգարանին:

Այսօր բացվում է նաեւ «Դարձ առ գիրք» գրքարվեստի երկրորդ միջազգային փառատոնը, որը առաջիկա 20 օրերի ընթացքում կներկայացնի վերջին հրատարակությունները:

Գրահրատարակիչների միության նախագահ Մկրտիչ Կարապետյանի փոխանցմամբ, փառատոնի շրջանակում գործելիք տոնավաճառում գրքերը կվաճառվեն 20-30 տոկոս զեղչով:

Փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանն է:

Իսկ Գրողների միությունում այսօր տեղի ունեցավ 20-րդ դարի շվեյցարացի նշանավոր փիլիսոփա, մշակութաբան, պատմաբան, գրականագետ Դենի դե Ռուժմոնի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Երկհատոր ժողովածուն թարգմանել է Ալեքսանդր Թոփչյանը:

Շնորհանդեսի մեկնարկին Թոփչյանը գնահատանքի ու երախտիքի խոսքեր ասաց երկու օր առաջ վախճանված թարգմանիչ, գրող Կարպիս Սուրենյանի մասին. - «Մահացավ մեր թարգմանության նահապետը: Մահը եւ կյանքը միշտ իրար զուգորդում են: Ինչպես Վահե Քաչան էր ասում` մահը կյանքի մարսողությունն է»:

Սուրենյանը բացառիկ համեստ մարդ էր, թեեւ վիթխարի գործ է արել մեր գրականության համար:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի բնորոշմամբ` Սուրենյանը գեղարվեստական-էսսեիստական գրականություն հիմնադիրն է մեզանում:

«Զարմանալի տեսակ էր Կարպիսը. երբեք իր արածը չէր թմբկահարում, լուռ, ինքը իր մեջ ներսուզված, ստեղծում էր այդ արժեքները», - ասաց Անանյանը:

Your browser doesn’t support HTML5

Երեւանում բացվեց Շառլ Ազնավուրի թանգարանը