Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ամփոփիչ հռչակագիր է ընդունվել

Վարշավայում սեպտեմբերի 29-30-ը ընթացող Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը ուրբաթ օրը ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ ավարտեց իր աշխատանքը։

Հռչակագիրը միասնաբար ընդունել են Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի մաս կազմող երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, ինչպես նաեւ Եվրոպական Միության ներկայացուցիչները։

Արեւելյան գործընկերությունը՝ որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության առանձնահատուկ ձեւաչափ, մեկնարկել է 2009-ի մայիսին։ Այն նպատակ ունի հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արեւելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին` նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցիացումը եւ տնտեսական ինտեգրումը:

Ընդունելով եւ ողջունելով մինչ այժմ արձանագրված առաջընթացը` Վարշավայի գագաթնաժողովի մասնակիցները ընդունված հռչակագրում ընդգծում են, որ Արևելյան Գործընկերության նպատակներին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան, մասնավորապես՝ կարեւորվում է յուրաքանչյուր գործընկերոջ տարբերակված մոտեցում ցուցաբերումը եւ փոխադարձ պատասխանատվությունը։

«Համաձայն այս սկզբունքների` բարեփոխումների ընթացքով կպայմանավորվի համագործակցության ինտենսիվությունը, եւ բարեփոխումների իրականացման մեջ առավել ներգրավված գործընկերներն ավելի շատ կշահեն ԵՄ հետ իրենց հարաբերություններից` ներառյալ ավելի սերտ քաղաքական ասոցացման, ԵՄ ներքին շուկային ավելի խոր աստիճանական տնտեսական ինտեգրման եւ ԵՄ ավելացող աջակցության միջոցով», - ասված է հռչակագրում։