Մանոյանը կարծում է` Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման տպավորություն ստեղծել

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով, Թուրքիայի կառավարության` հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու որոշումը ընդամենը նպատակ է հետապնդում տպավորություն ստեղծել, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթաց կա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արձանագրությունները անվավեր ճանաչվեցին այս օգոտսոսի 22-ից, քանի որ այդ երկրի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն` տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չստացած օրինագծերը մեխանիկորեն անվավեր են ճանաչվում: Հետեւաբար` փաստաթղթերը հանվեցին Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, քանի որ ավարտվել էր 23-րդ օրենսդրական շրջանը: Սակայն սեպտեմբերի 24-ին Թուրքիայի կառավարությունը արձանագրությունները ետ վերադարձրեց օրենսդիր մարմին:

Մանոյանի կարծիքով` այս գործընթացի պատրանքը ճնշում կառաջացնի Հայաստանի վրա այլ պետությունների կողմից, որպեսզի Հայաստանը իր ստորագրությունները ետ չվերցնի հայ-թուրքական արձանագրություններից:

«Իրենք օրակարգ վերադարձրեցին հենց այդ պատճառով: Պարզ է, որ ո'չ տրամադրություն, ո'չ էլ ցանկություն ունեն այդ արձանագրությունները վավերացնելու, չնայած մենք` որպես կուսակցություն կողմնակից չենք, որ վավերացվեն ընդհանրապես: Բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ Թուրքիան նույնիսկ Հայաստանի այդքան [բարյացակամը մեղմ բառ է] զիջողական կեցվածքի դիմաց տակավին շարունակում է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ», - երեքշաբթի կայացած ասուլիսում ասաց Մանոյանը:

Մանոյանի կարծիքով` Թուրքիայի համար ներկայիս վիճակը (արձանագրությունները ստորագրված, բայց` չվավերացված) ամենացանկալի վիճակն է:

«Որովհետեւ Թուրքիան իր ստանալիքի մեծ մասը արդեն ստացել է` ստորագրված արձանագրություններով: ԱՄՆ-ը Թուրքիայի նման մեկնաբանում է այն պարբերությունը, որը խոսում է սահմանների մասին, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան առնվազն մեկնաբանում են այդ ենթահանձնաժողովի կազմությունը այնպես, ինչպես Թուրքիան է մեկնաբանում, որ ցեղասպանության փաստը պետք է քննարկվի` երկու դեպքում էլ հակառակ Հայաստանի նախագահի մեկնաբանության` փոխարենը ոչինչ չտալով», - ասաց Մանոյանը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնվեց այն գնահատականի հետ, որ հայ-թուրքական հարաբերություններում առկա իրավիճակը կարող է Հայաստանի նկատմամբ ճնշում բանեցնելու հնարավորություն ստեղծել, քանի որ «Հայաստանն իր մասով գործն ավարտել է»:

«Քանի որ Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ փակ սահմաններով Եվրամիություն տանող ճանապարհը միշտ փակ է լինելու, ուստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ սահմանի հարցը Թուրքիայում նորից վերադառնում է դեպի քաղաքականության ուշադրություն», - կարծիք հայտնեց Զաքարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանն էլ ասաց, թե այստեղ ամենակարեւոր հարցն այն, թե 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ինչ արդյունքի բերեց:

«Բանակցությունները ընդհատված են, փաստաթղթերը մոռացված են, եւ երկու երկրների ղեկավարները փոխանակում են շատ կոշտ հայտարարություններ: Այս համատեքստում փաստաթղթերի խորհրդարան ուղարկել կամ չուղարկելը զուտ տակտիկական նկատառումներով է պայմանվորված: Էրդողանը Օբամայի հետ հանդիպումից առաջ պարզապես, որպեսզի հանի հարցը օրակարգից, հրահանգեց փաստաթղթերը ներկայացնել խորհրդարան», - ասաց Կարապետյանը:

Կիրո Մանոյանը այսօր ասուլիսում անդրադարձավ նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին: Ինչպես հայտնի է` Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարի ժամանակ որոշվեց, որ գալիք տարվա նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն է լինելու վարչապետ, «Եդինայա Ռոսիա»-ի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Վերջինս հայտարարեց, թե այդ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում կարող է աշխատել ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հարցին, թե կարող է արդյո՞ք ռուսաստանյան սցենարը որեւէ ձեւով կրկնվել Հայաստանում կամ Ռուսաստանում տեղի ունեցող այդ փոփոխությունը ինչ-որ կերպ կարող է իր ազդեցությունը ունենալ հայաստանյան ներքաղաքական զարգացումների վրա, Մանոյանը պատասխանեց. - «Եթե նախկինում էլ Ռուսաստանում տեղի ունեցած գործընթացները չկրկնվեցին Հայաստանում, ինչո՞ւ պետք է ակնկալել, որ այսօր կկրկնվեն, դա անհասկանալի է: Մարդիկ փորձում էին նմանություններ տեսնել եւ այլն… կարող է` ցանկություններ կային, բայց տեղի չունեցավ: Իրավիճակը լրիվ տարբեր է, եւ կարծում եմ` Ռուսաստանի ազդեցությունը մեր ներքաղաքական իրավիճակին այնքան չէ, որ իրենք ամեն ինչ, որ ցանկանան, կարող է այստեղ կատարվել»:

Your browser doesn’t support HTML5

Մանոյանը կարծում է` Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման տպավորություն ստ