Հայաստան է ժամանել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով այսօր Հայաստան է ժամանել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 21-23-ը հյուրընկալվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` պատվիրակությունը այսօր Վեհափառի շքախմբի հետ մասնակցել է Հանրապետության հրապարակում կազմակերպված Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին, այնուհետեւ ներկա է գտնվել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին:

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպումներ է ունենալու էկումենիկ կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաեւ պատվիրակության այցը Գեւորգյան հոգեւոր ճեմարան, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց եւ ԵՊՀ-ի Աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա դասախոսություններով: