Նոյեմբերին հրդեհից տուժած ընտանիքները դեռ անտուն են

Հրշեջ մեքենաները աշխատում են Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի վայրում, 24 նոյեմբեր, 2010

Անցյալ տարվա նոյեմբերին Երեւանի Կենտրոնում` «Պոնչիկանոց» սրճարանի հարեւանությամբ գտնվող առանձնատներում բռնկված հրդեհի հետեւանքով մոտ 10 ընտանիք դեռ շարունակում է անտուն մնալ:

Այս խնդրի լուծման պատրաստակամությունը ստանձնել էր Երեւանի քաղաքապետարանը: Հրդեհից հետո Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Կարեն Կարապետյանը անձամբ էր այցելել տուժած ընտանիքներին, որից հետո քաղաքապետարանը նրանց մի քանի ամսվա բնակարանային վարձն էր փոխանցել: Սակայն ավելի քան մեկ ամիս է քաղաքապետարանը հրաժարվում է փոխհատուցել հրդեհից տուժածների բնակարանի վարձը:

Տուժած մարդիկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ քաղաքապետարանը սառեցրել է հարցի լուծումը: Թեեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ժամանակին հրապարակել էր տեխնիկական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից, անտուն մնացածները, դատելով իրենց նկատմամբ դրսեւորված վերաբերմունքից, եզրահանգումներ են անում. - «Դիտավորյալ վառեցին մեր տները, որպեսզի այս օրը գցեն: Հիմա այս երեք ամիս է կառուցապատող են գտել ու ասում են` մեզ հետ բանակցությունների մեջ են: Մեզ հետ բանակցություններ չկան, մինչ օրս մեզ խաբում են, եւ մենք այսօր հայտնվել ենք փողոցում», - հայտարարեց հրդեհից տուժածներից մեկը:

«Հունիսի 15-ին [Երեւանի] գլխավոր ճարտարապետից նամակ է եկել, որ շուտով կառուցապատողը կգա, ձեզ հետ կհանդիպի, բանակցություններ կվարի, բայց մինչ օրս ոչ մի կառուցապատող ոչ մի բանակցություն չի տանում, - շարունակեց տուժած բնակիչը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե վերջին մեկ ամսում ի՞նչ պատճառաբանությամբ է քաղաքապետարանը հրաժարվում այս մարդկանց բնակարանների վարձը փոխհատուցելուց, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը պատասխանեց. - «Ինչ վերաբերում է բնակիչներին տրվող վարձին, ապա ժամկետը հիմա ավարտվել է: Կառուցապատողը կհանդիպի բնակիչների հետ, մոտ ապագայում, չեմ կարող ասել` երբ»:

Սարդարյանի փոխանցմամբ` բնակիչների հետ կապված պարտականությունները այժմ ստանձնել է կառուցապատողը: Քաղաքապետի մամլո խոսնակը չասաց, թե ով է այդ տարածքի կառուցապատողը. - «Ես այս պահին չեմ հիշում», - ասաց նա: