«Համազգային» թատրոնը 20 տարեկան է

«Համազգային» թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը եւ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մամուլի ասուլիսում:

«Համազգային» թատրոնը նորանկախ Հայաստանի տարեկիցն է` վաղը թատրոնը կբացի իր 20—րդ` հոբելյանական թատերաշրջանը:
Թատերաշրջանը բացվելու է նոր ներկայացմամբ, եւ, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, հոբելյանական թատերաշրջանը նշանավորելու են «պրեմիերաների հեղեղով»:

Հարցին, թե առհասարակ ինչ բերեց անկախությունը, «Համազգային»-ի հիմնադիր Սոս Սարգսյանը պատասխանեց. - «Մենք դեռ պետություն չենք, մենք դեռ ճանապարհին ենք, մենք չենք էլ կարող շատ շուտ պետություն կառուցել: Մենք այդ փորձը չունենք: Փորձը չունենք` ոչինչ: Այդ հոգեբանությունը չունենք, մենք միշտ ապրել ենք ուրիշի օրենքներով, ուրիշի լծի տակ, եւ մեր խնդիրն է եղել այդտեղ գլուխ պահել, յոլա գնալ, խաբել»:

Թատրոնի տնօրենը անդրադարձավ թատրոնի շենքի խնդրին. - «Համազգային» թատրոնը իր գործունեությունը ծավալում է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում… Շենքի հարցը եւս շահարկվում է: Շահարկվում է, որ իբր մարդիկ են, ովքեր շենք են ուզում: Ամենեւին էլ այդպես չէ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ, նվիրվելով իր գործին, նվիրելով անձը իր արվեստին, աշխատում է իր անվան եւ իր ժողովրդի համար: Եվ կարծում եմ, շատ օրինաչափ է, որ այդ արվեստագետները ունենան իրենց տանիքը»:

Սոս Սարգսյանը ասաց, որ շենքի հարցով դիմել է Հայաստանի բոլոր երեք նախագահներին, բայց թատրոնի համար շենք այդպես էլ չկառուցվեց:

Անվանի դերասանը, անդուհանդերձ, շեշտեց, որ վերջին տարիներին նկատելիորեն լավացել է իշխանությունների վերաբերմունքը առհասարակ թատրոնի հանդեպ` հավելելով. - «Չնայած էլի իշխանության մեջ մարդիկ կան, որոնք չեն հասկանում, թե թատրոնը ինչ մեծ դեր կարող է խաղալ հասարակությունը ձեւավորելու, պետականությունը կառուցելու, պետականության հիմքերը ամրացնելու…Նորություն չենք ասում` առանց մշակույթի պետություն չի ստեղծվի, առանց թատրոնի հասարակություն չի ձեւավորվի: Մեր հասարակությունը ձեւավորված չէ»:

Your browser doesn’t support HTML5

«Համազգային» թատրոնը 20 տարեկան է