Կմեկնարկի 5-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը

Ուրբաթ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Մինչեւ հոկտեմբերի 12-ը փառատոնի շրջանակում կկայանա 10 համերգ: Հայ երաժշտասերները հնարավորություն կստանան ունկնդրել տարբեր երկրներից ժամանած մեկուկես տասնյակից ավելի անվանի երաժիշտների կատարումները:

Փառատոնի բացման համերգին Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան եւ Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիան» կկատարեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ ամբողջ կյանքում վախեցել է այդ ստեղծագործությունը կատարելուց, 20 տարի պատրաստվել է դրան:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը շեշտեց, որ միշտ լավ արդյունքներ է տվել երգչախմբի եւ ֆիլհարմոնիկի համագործակցությունը:

Համերգը կբացվի Երվանդ Երկանյանի «Հերոսական ռապսոդիայի» համաշխարհային պրեմիերայով:

«Քանի որ փառատոնը նվիրվում է Հայաստան Հանրապետության անկախության 20-ամյակին, ինքը [Երկանյանը] մի ստեղծագործություն է գրել` նվիրելով մեր անկախության 20-ամյակին: Ստեղծագործության մեջ տեղ են գտել մեր ֆիդայական երգերը», - ասաց Թոփչյանը:

Your browser doesn’t support HTML5

Կմեկնարկի 5-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը