«ՀԷՑ» ընկերությունը ստացել է խիստ նախազգուշացում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երկուշաբթի օրը կայացրած որոշմամբ գերիշխող դիրքը չարաշահելու համար խիստ նախազգուշացում է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը:
Երեւանի Նոր Նորք համայնքի մոտ 20 նորակառույց տների բնակիչներին ընկերությունը ավելի քան 3,5 տարի էլեկտրաէներգիա չէր մատակարարել: Բնակիչների դիմումներին ընկերությունը ամեն անգամ պատասխանել է, թե նորակառույց ենթակայանի շահագործման ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարելուց հետո միայն նրանց կապահովի էլեկտրամատակարարմամբ:

Այդ ընթացքում բնակիչները ապօրինի լարանցումներ կատարելով լուծել են իրենց բնակարանների էլեկտրամատակարարման հարցը: Տեսնելով, որ ընկերությունը չի շտապում լուծել խնդիրը` բնակիչները դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Երբ հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ իրականացնել, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը երկու շաբաթվա ընթացքում լուծել է 3,5 տարի չլուծվող խնդիրը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձաժողովի անդամներին առաջարկեց 20 միլիոն դրամ տուգանքի փոխարեն ընկերությանը տալ խիստ նախազգուշացում:

«Ես առաջարկում եմ ընդառաջ գնալ առաջին հերթին մեր բնակիչներին` կատարել նրանց խնդրանքը, բավարարել նաեւ տնտեսվարող սուբյեկտի միջնորդությունը այն մասին, որ պատասխանատվության ավելի մեղմ միջոց կիրառվի», - նիստում ասաց Շաբոյանը:

Այսօրվա նիստում «Ֆրեշ» ընկերությունը հանձնաժողովի որոշմամբ տուգանվեց կես միլիոն դրամի չափով` սպառողներին մոլորեցնելու համար: Մայիսի 10-17-ը ընկերության սուպերմարկետների ցանցում անցկացված ակցիայի շրջանակում հայտարարվել էր, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:

Your browser doesn’t support HTML5

«ՀԷՑ» ընկերությունը ստացել է խիստ նախազգուշացում