Ուսումնական տարվա մեկնարկը դպրոցներում

3 ամիս տեւած ամառային արձակուրդներից հետո հանրակրթական դպրոցները բացեցին իրենդ դռները աշակերտների առջեւ:

Գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ը, բոլոր դպրոցականների տոնն է: Ուսումնական տարվա մեկնարկին սպասող ամենաանհամբեր աշակերտները 1-ին դասարանցիներն են. 6 ամյա Վալենտինան այդ աշակերտների թվում էր. - «Այսօր գնացինք դպրոց, ծանոթացանք, գրքեր ստացանք: Այբբենարան եւ մաթեմատիկայի դասագիրք»:

Այսօր Երեւանի դպրոցներում առաջին դասարանցիները ներկա եղան սեպտեմբերմեկյան հանդիսությանը, ծանոթացան իրենց առաջին ուսուցչի` դասղեկի հետ եւ ստացան իրենց գրքերը:

Անկախ սովորելու ցանկությունից եւ հնարավորություններից` աշակերտները շտապել էին դպրոց. ուսուցիչներին եւ ընկերներին տեսնելու:

«Շատ էի կարոտել դպրոցը: Անհամբեր սպասում էի սեպտեմբերի 1-ին, որպեսզի գամ դպրոց եւ տեսնեմ երեխաներին ու իմ սիրելի ուսուցիչներին», - ասաց նրանցից մեկը:

Գիտելիքի օրվա առթիվ Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին թիվ 14 հատուկ դպրոցում աշակերտներին նվիրեցին բրայլյան տետրեր: Դպրոցը միակն է, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով: Սա կետերով գրելու ունիվերսալ համակարգ է կույրերի համար, որ հնարավորություն է տալիս կույր եւ տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն, կարդալ եւ գրել:

Դպրոցում սովորում է մոտ 100 երեխա Հայաստանից եւ Արցախից: Աշակերտների 50 տոկոսը կույր է, մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ: Այս տարի կա 6 առաջին դասարանցի, որոնցից 4-ը կույր են:

Դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը նշում է, որ բրայլյան գրքերն ունեն ընդամենը 2 տարվա կյանք, իսկ տպագրելը շատ թանկ արժե. - «Այս գրքերը տպագրելը շատ թանկ հաճույք է: 11 դասագիրք տպագրելու ծախսերը կազմում է 9 մլն եւ մի քանի հարյուր հազար դրամ»:

Your browser doesn’t support HTML5

Ուսումնական տարվա մեկնարկը դպրոցներում