Գիտնականները պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում: Նրանց խոսքով, գիտնականների միջին տարիքը Հայաստանում 58 տարեկանն է, միջին աշխատավարձը` 50 հազար դրամ: Երիտասարդները վստահ են, որ Հայաստանում գիտության ֆինանսավորումը թերի է եւ սպառնում է որակյալ գիտության գոյությանը, իսկ ֆինանսավորումը համարում են ներդրում Հայաստանի ավելի լավ ապագայի համար:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների նախաձեռնությամբ շաբաթ կիրակի օրերին Ծաղկաձորի երիտասարդական հիմնադրամի կենտրոնում հավաքվել էին երիտասարդ գիտնականներ, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, ԱԺ խմբակցությունների եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ` քննարկելու «Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման եւ ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները»:
«Գիտության ֆինանսավորումը ռազմավարական նշանակություն ունի, ես կարծում եմ, որ բանակից հետո առաջին ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը գիտությունն է», - նշում է ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Սեմինար- քննարկման մասնակիցների հետ չնախատեսված հանդիպում ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով կիրակի այցելել էր Երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի կենտրոն` ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին:
Համաժողովի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները եկան նախնական պայմանավորվածության գիտությանը հատկացվող ծախսերը 2012թ. ՀՀ պետական բյուջեում հասցնել 3%-ի, ինչի մասին գիտնականներից մեկը հայտնեց ՀՀ նախագահին, ով անհավանական համարեց բյուջեից գիտությանը հատկացվող գումարի հնարավոր աճը:
«Ձեզնից ո՞վ է լավ պատկերացնում, թե ընդհանրապես ինչքան է ֆինանսավորվում գիտությունը, եւ դա շա՞տ է, թե՞ քիչ, լա՞վ է կառավարվում, թե՞ վատ է: Փորձե՛ք տեսնել` այդ միջոցները արդյոք արդյունավե՞տ են ծախսվում, թե՞ չէ: Որպես երիտասարդ շահագրգռված գիտնականներ` գոնե միայն ակադեմիական համակարգի համար փորձե՛ք տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան հաստատությունների եւ այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե՞ ուղղակի կան հաստատություններ, որոնք թղթի վրա են», - նշեց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը խոստացավ առաջիկա ամսվա ընթացքում առանձին հանդիպում ունենալ երիտասարդ գիտնականների հետ` լսելու նրանց պահանջները ավելի հստակ ձեւակերպմամբ:
«Ես միայն մի բան կարող եմ խոստանալ, որ մեր հանդիպման արդյունքում կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար», - ամփոփեց Սերժ Սարգսյանը:
Ծաղկաձորում սեմինար-քննարկումները կազմակերպվել էին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի անդամների, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ԱՄՆ-ի շրջանավարտների ասոցիացիայի եւ «Արմակադ» գիտական ցանցի ջանքերով:
Your browser doesn’t support HTML5