Հովհաննես Իգիթյանը ի սկզբանե չի հավատացել երկխոսության հաջողությանը

Երկխոսության նպատակով Հայ ազգային կոնգրեսի ձեւավորած պատվիրակության եւ իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, Երեւան, 18-ը հուլիսի, 2011թ.

Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանի կարծիքով` իշխանության եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջեւ երկխոսությունը ի սկզբանե դատապարտված էր անհաջողության:

«Բոլոր դեպքերում, ես այդ կարծիքը ունեի, որ հաջողության չի կարող հասնել, որովհետեւ մթնոլորտը ընդհանուր հանրապետությունում չի փոխվում, այսինքն` այն դրդապատճառները, ինչի պատճառով որ եղան կեղծիքները եւ կեղծիքներից հետո անօրինականությունները` «Մարտի 1»-ի հետ կապված, ձերբակալությունների հետ, քաղբանտարկյալների հետ, չվերացան, եւ այս վերջին ձերբակալությունները երիտասարդների ցույց տվեցին, որ, Ոստիկանությունում գոնե, առնվազն, ոչ մի բան չի փոխվել», - ասաց Իգիթյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով երկխոսության շրջանակներում բանակցություններին իր մասնակցությունը առկախելու ՀԱԿ-ի որոշմանը:

«Եվ եթե իշխանության ներկայացուցիչները ասում են, որ «մենք չենք խառնվում իրավական պրոցեսներին», նրանք մի քիչ կեղծում են, որովհետեւ մենք գիտենք` երեք տարի բոլոր հարցերը, որ կատարվել են, նրանք իրավական դաշտում չէին, այլ` քաղաքական դաշտում», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը` հավելելով. - «Հարցը գնում էր ընդամենը [ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի] խափանման միջոցի փոխելու մասին: Չեմ կարծում, որ դա մեծ պրոբլեմ էր, հատկապես, որ այդ երիտասարդի ազատության մեջ գտնվելը որեւէ ձեւով չէր կարող ազդել թե' քննության պրոցեսի վրա, թե' ընդհանրապես ինքը հասարակության համար վտանգ չի ներկայացնում: Այսինքն, իմ կարծիքով, իշխանությունը նաեւ իր կողմից փնտրում էր մի հնարավորություն` դադարեցնելու այդ պրոցեսը, եւ դա եղավ»:

«Երբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, թե ինչ պատճառաբանությամբ է առկախում երկխոսությունը, անմիջապես հետեւեց կոալիցիայի արձագանքը. իր հաղորդագրության մեջ կոալիցիան մեղադրեց Հայ ազգային կոնգրեսին ստելու համար եւ ասաց, որ ոչ մի պայմանավորվածություն չի եղել, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխեն: Դա՞ ինչպես եք դիտարկում», - այս հարցին Իգիթյանը արձագանքեց. - «Իմ կարծիքով, հարցը ավելի շուտ պայմանավորվածության մասին է, վաղուց եղած պայմանավորվածության մասին պետք է լինի` այն, որ երեք տարի առաջ բոլոր նաեւ այդ մարդիկ, որոնք պատվիրակության անդամ են Եվրախորհրդում, միշտ ասում են, որ «մեզ մոտ մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց չձերբակալեն»: Եվ ստացվում է, որ այդ պրոցեսը շարունակվում է, եւ ոչ միայն այդ երիտասարդների հանդեպ: Իմ կարծիքով, այս մթնոլորտում նորմալ խոսել երեւի մի քիչ դժվար է, եւ պարզ է, որ պետք է գար մի օր, որ երկխոսությունը պետք է դադարեցվեր, որովհետեւ, նորից եմ կրկնում, կարդինալ փոփոխություններ ես չեմ տեսնում»:

Հակադարձելով քննադատություններին, որ Հայոց համազգային շարժումը անկախ չէ եւ սպասարկում է Հայ ազգային կոնգրեսին, ՀՀՇ-ի վարչության անդամը ասաց. - «Ճիշտն ասած, ես այդ խոսքերը չէի օգտագործի` անկախ չէ եւ սպասարկում է, եկեք այլ ձեւով ասենք, որ ՀԱԿ-ը կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների միություն է, որոնք միավորվել են նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, եւ եթե ընտրությունները ավարտվեին, ես համոզված եմ, որ բոլոր կուսակցությունները կգնային իրենց սովորական գործունեությանը: Բայց քանի որ ընտրությունները մեզ մոտ ավարտին չհասան, հակառակը` եղել են բազմաթիվ անօրինականություններ, ձերբակալություններ, կեղծիքներ, պարզ է, որ այս կուսակցությունները պետք է շարունակեին իր հետ մնալ` թեկուզ անձնական անվտանգության խնդիրներից ելնելով, եւ պետք է շարունակեին միասին աշխատել: ՀՀՇ-ն բոլոր դեպքերում մնացել է իր կառույցների տերը, անդամագրվում են մարդիկ ոչ թե ՀԱԿ-ին, այլ ՀՀՇ-ի անդամ դառնալով` անուղղակի դառնում են ՀԱԿ-ի անդամ»:

«Իմ կարծիքով, երբ կգա այն պահը, երբ մենք համարենք, որ կա'մ ընտրությունները ավարտված են, կա'մ նոր ընտրությունների համար ստեղված են բավարար իրավական եւ քաղաքական պայմաններ, ՀՀՇ-ն ինքնուրույն ձեւով, իր կառույցներով, իր քաղաքական գործիչներով կգա եւ նորից կմասնակցի ընտրություններին եւ կզբաղվի քաղաքական գործունեությամբ», - ամփոփեց Հովհաննես Իգիթյանը: