5-րդ համահայկական խաղերի մարզական որակն ավելի բարձր է

Համահայկական խաղերի բացումը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, 13 օգոստոս, 2011

Հինգերորդ համահայկական խաղերի կազմակերպիչները, մրցավարներն ու մասնակիցները կարծում են, որ այս խաղերը մարզական որակով գերազանցում են նախորդներին:

Նրանք արձանագրում են, որ վերջապես Սփյուռքից պրոֆեսիոնալ մարզիկներ են եկել, ու գուցե առաջին անգամ մեդալների ճնշող մեծամասնությունը Հայաստանում չմնա:

Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ շաբաթ օրը` օգոստոսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: Մինչեւ օգոստոսի 21-ը տաս մարզաձեւերում մրցակցության մեջ կմտնեն աշխարհի 125 քաղաքներից ժամանած ավելի քան 3200 մարզիկներ: Պաշտոնական տվյալներով շուրջ 10 հազար զբոսաշրջիկ է այս օրերին եկել Հայաստան:

Երկուշաբթի` խաղերի երկրորդ օրը ավարտվեցին լողի մրցումները: Բրաս լողաոճով 50 եւ 100 մետր մրցուղիներում երկու ոսկե մեդալներով Ուրուգվայ կվերադառնա Խոսե Մելքոնյանը, ով 10 տարեկանից լողով է զբաղվում եւ առաջին անգամն է Հայաստանում:

Հայաստանի լողի հավաքականի ավագ մարզիչ Միսակ Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ մարզական որակով 5-րդ խաղերը գերազանցում են նախորդներին: Սակայն նա այն կարծիքին չէ, թե Սփյուռքում այնպիսի լողորդներ կան, որոնց կարելի է հրավիրել մարզվելու Հայաստանում:

«Չէ, վառ անհատականություններ, որ կարող են աշխարհի մակարդակով ինչ-որ բան անել, չկան, բայց համեմատած մյուս համահայկական խաղերի հետ` արդյունքները բարձր են: Բոլոր համահայկական խաղերում ոսկե մեդալները շահում էին միայն Երեւանի ներկայացուցիչները: 5-րդ համահայկական խաղերը ավելի բարձ մակարդակով են անցկացվում եւ ավելի մասսայական են», - ասաց Գաբրիելյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը եւս վստահ է, որ այս տարի շատ մեդալներ կգնան Սփյուռք:

«Մեծ աշխատանք է կատարված, սկիզբը լավն է, եւ ավարտն էլ լավ կլինի: Ընդհանուր առմամբ, գնալով արդյունքները ավելի բարձրանում են, ես հիշում եմ առաջին խաղերը եւ հիմա, բավականին մեծ տարբերություն կա», - ասաց Գաբրիելյանը:

Your browser doesn’t support HTML5

5-րդ համահայկական խաղերի մարզական որակն ավելի բարձր է