Ստյոպա Սաֆարյանը թերահավատ է արտահերթ ընտրությունների հարցում

Ստյոպա Սաֆարյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը թերահավատորեն է մոտենում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքում արած հայտարարությունը` աշնանը Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման առումով տեղի ունենալիք լուրջ բեկման կամ վերջնական հստակեցման մասին, եւ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով` արդյոք ՀԱԿ-ի պահանջած արտահերթ ընտրություններին պատրա՞ստ են իշխանությունները, Սաֆարյանը հայտարարեց. - «Դատելով իշխանությունների հանգստությունից եւ հայտարարություններից` ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ բեկման է սպասում ՀԱԿ-ի առաջնորդը, որովհետեւ իշխանությունները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ, այո, թեպետ քննարկում են ՀԱԿ-ի կողմից առաջադրված այդ հարցը, բայց այդպիսի ընտրություններ անելու ո'չ ցանկություն ունեն, ո'չ էլ այդպիսի նախադրյալներ կան, ո'չ էլ այդպիսի հիմքեր կան»:

«Նախկինում [ՀԱԿ-ը] բազմաթիվ անգամ ասում էին, որ հայտարարությունները արվում են ոչ թե Սերժ Սարգսյանի մակարդակով, այլ ավելի ցածր մակարդակով, եւ դրա համար սպասում էին Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Բայց այս տարվա հունիսին Սերժ Սարգսյանը հստակ Ստրասբուրգի ամբիոնից [ԵԽԽՎ-ի ] հայտարարեց, որ այդպիսի ընտրություններ անելու ցանկություններ եւ նախադրյալներ չկան: Եվ հետեւաբար, եթե բոլորիս համար հստակ է իրավիճակը այս առումով, ապա ուզում եմ հասկանալ, թե ինչը հստակ չէ ՀԱԿ-ի համար», - հավելեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

«Տեր-Պետրոսյանը ինքը բազմիցս է կանխատեսել լուրջ բեկումներ` մերթ արտաքին քաղաքականության ոլորտում իշխանությունների, այսպես կոչված, ձախողման կամ անվերապահ ձախողման դեպքում, մերթ ներքին քաղաքականության ոլորտում, բայց կյանքը ցույց է տվել, որ նա գոնե իր կանխատեսումներում սխալ հաշվարկներ է անում», - ասաց Սաֆարյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը համաձայն չէ նաեւ օգոստոսի 2-ի հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն տեսակետին, թե իշխանություն - ՀԱԿ երկխոսությունից «դեռեւս ո'չ իշխանությունը, ո'չ ՀԱԿ-ը, ո'չ էլ մեր ժողովուրդը ոչինչ չեն շահել, բայց շահել է մեր երկիրը, մեր պետությունը. միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը որպես քաղաքակիրթ երկիր, քաղաքակիրթ պետություն»:

«Այս կապակցությամբ ուղղակի բավական է սահմանափակվել նրանով, որ ըստ էության` մեր երկիրը քաղաքակիրթ եւ բարձր հեղինակություն կունենա այն դեպքում, եթե լինի լիարժեք ժողովրդավարական, իրավական երկիր, եթե ուղղակի ընտրությունները կասկածի տակ չլինեն: Հետեւաբար, պետք է ընդունել նաեւ, որ այս երկխոսությունը ընդամենը ամառային ժամանցը անցկացնելու ձեւ էր իշխանության եւ ընդդիմության մի թեւի համար», - հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:

«Եվ ո'չ սեպտեմբերին եւ ո'չ էլ հոկտեմբերին, կարծում եք, իշխանությունը չի հայտարարի արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին», - այս հարցադրմանը ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց. - «Այս պահի դրությամբ ես այդպիսի հիմքեր չեմ տեսնում` կանխատեսելու, որ աշնանը արտահերթ ընտրություններ են լինելու: Ես կարծում եմ` լուրջ չէ»: