Ստուգվում է ապագա լրագրողների բանավոր հաղորդակցման մակարդակը

Ուսանողները Երեւանի պետական համալսարանի բակում, արխիվային լուսանկար

Այս տարի ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դիմորդները օտար լեզու առարկայի փոխարեն հանձնում էին քննություն բանավոր հաղորդակցման մշակույթ առարկայից:
Հանձնաժողովի նախագահ եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը այս փոփոխությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց. - «Եթե կինոյի եւ թատրոնի ինստիտուտում դերասանի վարպետություն քննություն կա, Գեղարվեստի ակադեմիայում գեղանկար բաժնի համար գեղանկարչության քննություն կա, ապա ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմած մարդը պետք է ոչ միայն ապացուցի, որ իր մտքերը կարող է գրագետ թղթին հանձնել, այլ նաեւ բանավոր արտահայտել»:

«Մեզ թվում էր, որ դիմորդների թվի պակասի պատճառով պետք է ընտրություն կատարենք վատի եւ վատագույնի միջեւ», - ասաց Նաղաշ Մարտիրոսյանը, սակայն ստեղծագործական մրցույթ առարկայի արդյունքները գոհացնող են եղել` 38 դիմորդից 35-ը հաղթահարել է դրականի շեմը:

Մարտիորոսյանը ճիշտ չի համարում, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդները տարիներ շարունակ բանավոր քննությունը են հանձնել հայոց լեզու եւ գրականության առարկայից:

«Տասնամյակներ շարունակ ժուռնալիստիկայի բաժինը եղել է բանասիրականի կազմում, բայց ընդունենք մի ճշմարտություն, որ ժուռնալիստի մասնագիտությունը կապ ունի բանասերի մասնագիտության հետ այնքանով, որքան արեւելագետինը` պատմության հետ եւ այլն», - ասում է Մարտիրոսյանը:

Քննության հարցերը վերաբերվում էին լրագրության տարբեր ոլորտներին. տպագիր եւ էլեկտրոնային մամուլին, հեռուստատեսությանն ու ռադիոյին:

Մասնագիտությամբ տնտեսագետ Լիլիթ Աբրահամյանը այս տարի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդ է:

«Ես տնտեսագիտությունը` իմ մասնագիտությունը, շատ եմ սիրում, թեեւ ծնողիս պարտադրությամբ եմ սովորել: Լրագրության ֆակուլտետ միշտ ցանկացել եմ դիմել: Այս տարի ունեի այդ հնարավորությունը, որովհետեւ մրցույթ չկար», - ասաց Լիլիթը:

Լիլիթն անուսնացած է, եւ ընտանիքի անդամները սկզբնական շրջանում անիմաստ են համարել նրա սովորելու որոշումը: «Բալիկս դեռ փոքր է` 2 տարեկան է: Ամուսինս ասում էր, որ անիմաստ է, որովհետեւ ունես ընտանիք, կրթություն, աշխատանք եւ «մի քիչ պատեհ պահին չես դիմում»: Սակայն ես նպատակասլաց եմ եւ որոշել էի, որ պետք է ընդունվեմ», - պատմեց Լիլիթը:

Քննասենյակում տոմսերին պատասխանող դիմորդները կաշկանդված էին: Եղան դեպքեր, որ հանձնաժողովի անդամները մասամբ պատասխանում էին իրենց իսկ հարցերին` փորձելով կողմորոշել դիմորդին: Հարցատոմսերում ընդգրկված հարցերի միայն մի մասին ինչ-որ չափով պատասխանելու դեպքում դիմորդները կարողանում էին վաստակել դրական` 8 միավորը:

Your browser doesn’t support HTML5

Այսուհետ ստուգվելու է ապագա ժուռնալիստների ոլորտին տեղեկացվածության մակարդակը