Համակարգիչն ու ինտերնետը փոխում են հիշողությունը

Վերջին ժամանակաշրջանում երբ մարդը մտածում է, որ պետք է կրկին անդրադառնա որեւէ փաստի, նա ավելի հակված է հիշել ոչ թե դրա բովանդակությունը, այլ այն գտնելու տեղը: Ըստ BBC-ի, դա են ապացուցում հոգեբանական մի շարք գիտափորձեր, որոնք անցկացրել է Կոլումբիայի համալսարանի աշխատակից դոկտոր Բեթսի Սփերոուի խումբը:

Սփերոուն պնդում է, որ ինտերնետը մարդ արարածի համար դարձել է յուրօրինակ տրանսակտիվ հիշողության մի ձեւ:

Համակարգիչն ունի արտաքին հիշողության կրիչներ, որոնք տարեցտարի ֆիզիկական չափի տեսակետից փոքրանում, իսկ կարողության տեսակետից հզորանում են, մի քանի գիգաբայթանոց փոքրիկ ֆլեշներ եւ էքսթերնալ հարդ-դրայվներ` բջջային հեռախոսի չափի սարք, որի մի քանի հազար գիգաբայթի կարողությունը տեղավորում է մեծ համակարգչի ամբողջ ինֆորմացիան:

Եվ, այնուամենայնիվ, ամենահզոր եւ բառիս բուն իմաստով անսահման տարածքը, որտեղ ի պահ է դրվում մարդկության գիտելիքը, ինտերնետն է:

Բեթսի Սփերոուն Կոլումբիայի համալսարանից եւ Դենիել Ուեգները Հարվարդից մի պարզ օրինակով են բացատրում այսօրվա մարդու հիշողության ձեւաչափի փոփոխությունը:

«Կան որոշ բնագավառներում փորձագետներ, եւ մենք նրանց վստահում ենք որոշակի ինֆորմացիա, դա տրանսակտիվ հիշողության տարբերակ է: Մենք ապավինում ենք ուրիշի հիշողությանը: Արդյո՞ք ինտերնետը նույնպես տրանսակտիվ հիշողություն է. այս ենք փորձել հասկանալ», - ասել են գիտնականները:

Փորձի ժամանակ խմբի մի կեսին տրամադրել են փաստեր, խնդրելով հիշել եւ տեղավորել դրանք տարբեր թղթածրարներում, մյուս կեսին կարգադրել են հիշել, զգուշացնելով, որ երկրորդ անգամ այդ տեղեկությունները ստուգելու առիթ չի լինի:

Խմբի երկրորդ կեսը շատ ավելի մեծ ծավալով ինֆորմացիա է հիշել, մինչդեռ առաջին կեսը, գիտակցելով, որ կարող է հետագայում նորից կարդալ ինֆորմացիան, հիմնականում հիշել է, թե կոնկրետ որ թեման որ թղթածրարում է դրել:

Դա, ըստ հոգեբանների, ապացուցում է, որ ինֆորմացիան, որը մենք գտնում ենք օնլայն, մենք հենց օնլայն էլ պահպանում ենք:

Սփերոուի փոխանցմամբ, այն, որ մենք հիմա նախեւառաջ փորձում ենք հիշել, թե որտեղ է գտնվում ինֆորմացիան, այլ ոչ թե դրա բուն բովանդակությունը, չի վկայում մեր հիշողության տկարացման մասին, պարզապես մենք հիմա նորովի ենք կարգավորում ինֆորմացիայի հսկայական հոսքերը:

«Չեմ կարծում, թե Google-ը մեզ հիմար է դարձնում, մենք ընդամենը փոխում ենք իրերը հիշելու մեխանիզմը», - ասել է Կոլումբիայի համալսարանի հետազոտող դոկտոր Բեթսի Սփերոուն: